Այսօր Վերաքննիչ դատարանը որոշեց հետաձգել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին ներկայացված միջնորդության վերաբերյալ հարցի լուծումը: Փաստորեն, Սաֆարյանն ազատ չի արձակվի։
«Ներկայացված միջնորդությանը պետք է անդրադառնալ վերաքննիչ բողոքներին փաստարկներին ըստ էության անդրադառնալիս ու վերջնական դատական ակտ կայացնելիս»,-որոշումը հրապարակեց դատավոր Ռուզաննա Բարսեղյանը՝ նշելով, որ բողոքները մոտ ապագայում կստանան վերջնական լուծում։
Նշենք՝ մինչ որոշման հրապարակումը, նրա փաստաբան Տիգրան Եգորյանը ներկայացրեց խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություն, ինչպես նաև ներկայացրեց ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի և Հայկ Կոնջորյանի անձնական երաշխավորությունը՝ Սաֆարյանին ազատ արձակելու դիմաց։
Քիչ առաջ հայտնի դարձավ՝ ազատ չի արձակվի նաև Ներսես Պողոսյանը: Նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդել էր ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանի և Հրաչյա Հակոբյանի երաշխավորությամբ ազատ արձակել իր պաշտպանյալին: Սակայն դատարանը տեղում խորհրդակցելով՝ որոշեց կրկին միջնորդության լուծումը հետաձգել և դրան անդրադառնալ դատական ակտ կայացնելիս:
Որոշումից հետո Ներսես Պողոսյանը հայտարարեց հացադուլ սկսելու մասին: