Չեխիայի Հանրապետության Լիդիցե քաղաքում մայիսի 31-ին հանդիսավոր կերպով բացվեց 46-րդ միջազգային մանկական ցուցահանդեսը «Ջուրը՝ ոսկուց առավել» խորագրի ներքո, որն ընտրվել էր Չեխիայի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովի կողմից՝ նկատի ունենալով խմելու ջրի պակասի, երաշտի և կլիմայի փոփոխության հետ կապված գլոբալ խնդիրները:
Ցուցահանդեսը հիմնադրվել է 1967թ. ի հիշատակ նացիստական Գերմանիայի կողմից Լիդիցե քաղաքում սպանված, ինչպես նաև պատերազմներում զոհված բոլոր երեխաների: 1973թ. ի վեր ցուցահանդեսը ձեռք է բերել մեծ համբավ և դարձել Եվրոպայի, ինչպես նաև աշխարհի ամենախոշոր և հեղինակավոր մանկական ցուցահանդեսներից մեկը:
Այս տարի ցուցահանդեսին մասնակցել են 79 պետություն, ներկայացվել է 29967 աշխատանք: Ժյուրիի կողմից շնորհվել է 1246 մրցանակ 67 պետությունների ներկայացուցիչների: Գլխավոր մրցանակին արժանացավ Սլովենիայի Ռոգաշովցի քաղաքի դպրոցին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Հայաստանի երեխաների այս տարվա պատվոգրերը կրկին բազմաթիվ էին: «Լիդիցեի վարդ» մեդալին կրկին արժանացան Դիլիջանի Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստական դպրոցն ու վերջինիս հինգ սաները՝ 9-ամյա Մարիամ Հակոբյանը, 14-ամյա Արեն Ասատրյանը, 11-ամյա Ալիկ Մարգարյանը և 9-ամյա Գեորգի Թորոսյանը: Դպրոցի մեկ այլ սան` 14-ամյա Լիանա Մարտիրոսյանը, արժանացավ պատվոգրի: Պատվոգրեր կստանան նաև Երևանի Վարդգես Գուլիկյանի անվան արվեստի դպրոցի 15-ամյա սան Շողինե Վարժապետյանը, Երևանի Գասպարյանի անվան արվեստի դպրոցի սաներ 6-ամյա Մանե Ալեքսանյանը, 4-ամյա Գոռ Բոգդանյանը, 5-ամյա Հենրիկ Քթիկյանը և 9-ամյա Վիկտոր Մարտիրոսյանն, ինչպես նաև Երևանի «Լույս աշխարհ» դպրոցի 6-ամյա սան Մերի Հարոյանը: Մեդալներն ու պատվոգրերը կուղարկվեն Հայաստան և հանդիսավոր պայմաններում կհանձնվեն հաղթողներին: Լիդիցեի ցուցահանդեսը կշարունակվի մինչև 2018թ. նոյեմբերի 25-ը:
Քանի որ 2019թ. լրանում է Մենդելեևի պարբերական աղյուսակի 150 ամյակը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջարկել է, որպեսզի հաջորդ ցուցահանդեսի թեման կրի «Քիմիա» խորագիրը՝ քանզի գիտության այդ ճյուղի հետ մեր կյանքում առնչվում ենք ամենուրեք և ամեն օր։ Ցուցահանդեսին կարող են մասնակցել 4-16 տարեկան երեխաներ և պատանիներ: Աշխատանքները պետք է ուղարկվեն փոստով` մինչև 2019թ-ի փետրվարի 15-ը: 2019թ-ի մրցույթին կարող են ներկայացվել գործեր արվեստի տեխնիկայի հետևյալ բնագավառներում. նկարչություն, փորագրություն, լուսանկարչություն, կերամիկա և համակցված տեխնիկա, կարճամետրաժ կամ անիմացիոն ֆիլմեր: