Մեծ Բրիտանիայի գործարարները հետաքրքրված են հայաստանյան շուկայով: Հունիսի 7-ին Երևանում Միացյալ Թագավորություն-Հայաստան գործարար համաժողովի շրջանակում մեկ հարկի տակ են հավաքվել Մեծ Բրիտանիայի, Հայաստանի գործարարները, շահագրգիռ կողմերի ներկայացուցիչները: Նրանց օրակարգում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներն են: Լրագրողների հետ զրույցում Հայ-բրիտանական գործարար պալատի նախագահ Արաքսյա Մարտիրոսյանը նշեց, որ 10 բիզնես կազմակերպություն Հայաստանում է, ներկա են վերականգնվող էներգետիկայի, ենթակառուցվածքների զարգացման, մասնագիտական ծառայությունների մատուցման ընկերություններ:

«Հիմնականում սա ճանաչողական այց է Հայաստան, որպեսզի հասկանան նոր իրողությունները, պայմանները, թե որքանով են ներդրողները Հայաստանում ապահովագրված: Շատ հետաքրքիր հանդիպումներ ունեցանք մի շարք նախարարությունների հետ: Բրիտանացի գործարարները հետաքրքրված են նոր շուկաներով, իսկ Հայաստանն այդ առումով շահեկան դիրքում է գտնվում: Ունի համաձայնագրեր տարբեր ուղղություններով, ինչպես նաև Իրանի հետ՝ լավ հարաբերություններ, ինչը մեր երկրին գայթակղիչ է դարձնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Արաքսյա Մարտիրոսյանը:

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն ասաց, որ 2.5 տարի է ինչ Հայաստանում է և այս ընթացքում լսել է, որ կա հետաքրքրություն բրիտանական ներդրումների, առևտրի հետ կապված: Բրիտանիայի կառավարությունն արձագանքեց այդ հետաքրքրությանը և այսօր Միացյալ Թագավորության վարչապետի՝ Հայաստանում և Վրաստանում առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդը Հայաստանում է:

« Ի դեպ, վերջին վեց ամսվա ընթացքում ևս նա եղել է Հայաստանում, և հայ-բրիտանական գործարար համագործակցության համար նախանշվել է 3 ոլորտ՝ քաղաքաշինություն, ենթակառուցվածքներ, վերականգնվող էներգետիկա: Այս բիզնես-ֆորումը հնարավորություն է ընձեռում բացահայտել Հայաստանի շուկայում առկա հնարավորությունները»,-ասաց դեսպանը: Նա նկատեց, թե Հայաստանի նախարարների հետ հանդիպումներում նշվել է, որ Բրիտանիայի կառավարությունը ոչ միայն պատրաստ է աշխատել առևտրի և ներդրումների դաշտում, այլև օգնել կառավարությանը պետական կառավարման և տնտեսության զարգացման այլ հարցերում:

Միացյալ Թագավորության վարչապետի՝ Հայաստանում և Վրաստանում առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար  Մարկ Փրիթչարդը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երկար տարիների ընթացքում սա առաջին անգամն է, երբ այսպիսի մեծամասշտաբ երկկողմ հայ-բրիտանական գործարար համաժողով է կազմակերպվում:

«Միացյալ Թագավորությունը և վարչապետը կարևորում են «բրեքսիտին» հաջորդած փուլում գլոբալ ներդրումները ոչ միայն այս, այլև մյուս տարածաշրջաններում: Մեր բիզնեսի համար հետաքրքրական ոլորտներ կարող են լինել զբոսաշրջությունը, հյուրանոցային բիզնեսը, բանկային ոլորտը և այլն»,-ասաց նա:

Գործարար համաժողովը կազմակերպել էր Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատունը՝ Հայ-բրիտանական գործարարության պալատի հետ համագործակցությամբ: Բրիտանական 10 բիզնես-ընկերություն, որոնք Հայաստան են այցելել Միացյալ Թագավորության վարչապետի՝ Հայաստանում և Վրաստանում առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդի ղեկավարությամբ, պետական կառույցների և բիզնես-ընկերությունների ավելի քան 100 ներկայացուցչի հետ քննարկեցին առևտրի և ներդրումների ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորություններ: