Կառավարության այսօրվա արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է Հավանություն տալ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և այն ընդունվելուց հետո կուղարկվի խորհրդարան: Մասնավորապես հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու պարտադիր բաղադրիչը, սակայն քննարկումները կշարունակվեն:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը ընդունման օրվանից բարելավվել է շնորհիվ մի շարք փոփոխությունների, որոնց համար հիմք են ծառայել նաև հասարակության կողմից առաջ քաշված խնդիրներն ու դրանց լուծումները։ Այդ փոփոխությունների շարքում կարևոր է ընդգծել նաև ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մեջ առկա դիրքորոշումները։

2018թ․ հուլիսի մեկից ուժի մեջ է մտնում պարտադիր կուտակային բաղադրիչը։ Համակարգի ամբողջական ներդրումը կարևոր է՝ հաշվի առնելով հետևյալ փաստերը՝

1. Պարտադիր կուտակային համակարգի շահառուների գերակշիռ մասն արդեն իսկ ներառված է համակարգում և շահառուների միայն փոքր մասն է, որի ներառումը համակարգում նախատեսվում է հուլիսի 1-ից հետո:

2. Այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ:

3. Կուտակային ֆոնդերի կառավարումն իրականացնում են այնպիսի ընկերություններ, որոնց հիմնադիրները աշխարհում հսկայական հեղինակություն վայելող և ահռելի, նույնիսկ Հայաստանի տարեկան ՀՆԱ-ն տասնյակ անգամներ գերազանցող կապիտալներ կառավարող ընկերություններ և Հայաստանում նրանց հետագա ճակատագիրը միջազգայնորեն ճանաչված գնահատական է լինելու Հայաստանում ներդրումներ անելու հուսալիության աստիճանին:Մասնավորապես, Ֆրանսիական Ամունդին աշխարհում կառավարման ներքո ունի ավելի քան 1.5 տրլն եվրո (1-ինը Եվրոպայում, 10-րդը աշխարհում), ունի 37 երկրում գրասենյակներ և ավելի քան 100 մլն հաճախորդ ամբողջ աշխարհում (որից շուրջ 3000 ինստիտուցիոնալ ներդրողներ են):Ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերությունը և գերմանական «Տալանքս Ասեթ Մենեջմենթ»-ը ամբողջ աշխարհում կառավարման ներքո ունեն ավելի քան 150 մլրդ ԱՄՆ դոլար: Տալանքսը գերմանական 3-րդ խոշորագույն ապահովագրական ընկերությունն է, դասվում է 10 խոշորագույն եվրոպական ապահովագրական ընկերությունների շարքին, գործում է աշխարհի ավելի 150 երկրներում, ունի A+ վարկանիշ Standard and Poor’s-ի կողմից տրված։

4. Այս պրոցեսն անցել է անդառնալիության կետը, և տվյալ խնդրի շուրջ որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել այն ռիսկերը, որոնք կարճաժամկետ և երկարաժամկետ առումով կարող են աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար, ինչպես նաև այն դրական արդյունքը, որը կարող ենք ունենալ համակարգի ամբողջական ներդրմամբ: Համակարգի ներդրման հետ միաժամանակ, կառավարությունը շարունակելու է քննարկումը հասարակության լայն շերտերի հետ նրանց մտահոգություններին արձագանքելու և համակարգը երկարաժամկետ հեռանկարում ավելի ճկուն և ներառական դարձնելու ուղղությամբ։ Կառավարությունն այս թեմայով կաշխատի մաքսիմալ անկեղծ և թափանցիկ, և կկայացնի այնպիսի որոշումներ, որոնք հաշվի կառնեն ինչպես խնդրի ռազմավարական խորքը, այնպես էլ ՀՀ քաղաքացիների երկարաժամկետ ու կարճաժամկետ շահերը: