Հայաստանն ամբողջ աշխարհում ավելի ճանաչելի դարձնելու, մեր երկրում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով այս տարի օգոստոսին կանցկացվի Խորովածի միջազգային օրը (International Barbecue day):
Այս մասին հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հյուսիսային դարպասներ» զբոսաշրջային նախագծի համակարգող Վազգեն Խաչիկյանը:
«Աշխարհում միջազգայնորեն ընդունված բազմաթիվ տոներ կան, բայց չկա մի տոն, որը կապվում է խորովածի հետ, ավելին՝ միջազգային տոնացույցում չկա տոն, որն ունենա հայկական ծագում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Խաչիկյանը:
Նրա խոսքով` խորովածն աշխարհում միակ ուտեստն է, որն անխտիր պատրաստում են բոլոր ժողովուրդները: «Մեք հնագույն ազգերից ենք, որ ունենք խորովածի պատրաստման լավ ավանդույթներ: Մեր նախաձեռնության համաձայն` օգոստոս ամսվա նախավերջին շաբաթ օրը հռչակում ենք Խորովածի միջազգային օր և առաջարկում մարդկանց գալ Հայաստան և ճաշակել հայկական խորովածը: Նրանք, ովքեր մեր երկիր այցելելու հնարավորություն չունեն, կարող են իրենց տներում, ռեստորաններում և այլուր խորոված պատրաստել և համացանցում նշել, որ միանում են Խորովածի միջազգայի օրվան»,-ասաց նա:
Խաչիկյանն անդրադարձավ նաև Հայաստանում իրականացվող Խորովածի փառատոնին ու ընդգծեց, որ այս տարին հոբելյանական է:
Փառատոնը կտևի երկու օր: Առաջին օրը կմրցեն պրոֆեսիոնալ խոհարարները, իսկ երկրորդ օրը բոլոր ցանկացողները: