Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Կոտայքի մարզի Լուսակերտի թռչնաֆաբրիկայի աշխատակիցներն ակցիա էին իրականացնում՝ նրանք բողոքում են սպասվող կրճատումների դեմ։ ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում տնօրեն Հրաչ Բագրատյանը նշեց, որ ստիպված են գնում կրճատումների, հավելեց, որ  ցույցն այս պահին ցրվել է, քանի որ միջնորդել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ում հետ ակնկալվում է ուրբաթ օրը հանդիպում ունենալ քննարկվող իրավիճակի շուրջ։

Ակնկալվելիք հանդիպման, ինչպես նաև այս պահին ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասները  ճշտելու համար ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Ռոմանոս Պետրոսյանի հետ։ 

«Գործատուն հորդորել էր մոտ 4 տասնյակ աշխատակիցների ազատման դիմում գրել՝ կապված ֆինանսական խնդիրների և հետագայում բիզնեսի արդյունավետության բարձրացման հետ, և անորոշ խոստում էր տվել՝ հետագայում դարձյալ աշխատանքի կանչել։ Քաղաքացիները դիմում չէին գրել և ակցիա էին իրականացնում։ Ես հանդիպեցի ժողովրդի հետ, նրանց միջից երկու երիտասարդներ լիազորվեցին ինձ հետ մասնակցել թռչնաֆաբրիկայի տնօրինության հետ հանդիպմանը։ Առաջնորդվելով մեր քաղաքացու շահերով և համադրելով նաև տնտեսվարողի շահերը՝ հանդիպումը կառուցողական դաշտ տարանք։ Պայմանավորվեցինք, որ որևէ կրճատում չի արվում մինչև ուրբաթ, որևէ մեկը դիմում չի գրում մինչև ուրբաթ, ժամանակ ենք տալիս գործատուին վերահաշվարկելու  այդ բիզնեսի առողջացման գնալու ուղիները, քննարկելու ֆաբրիկայի մյուս բաժնետերերի հետ և իր որոշումը վերաձևակերպելու և ներկայացնելու ուրբաթ օրը՝ մարզպետարանում»:

Մարզպետը տեղեկացրեց, որ այս ուրբաթ իր մոտ սպասում է Լուսակերտի թռչնաֆաբրիկայի տնօրինությանը, քաղաքացիների լիազոր ներկայացուցիչներին, և հուսով է, որ խնդիրը կլուծվի՝ պահպանելով երկու կողմերի շահերը։ 

Լիլիթ Հակոբյան