«Արծվիկ Մինասյանի հրաժարականի անհրաժեշտությունը չեմ տեսնում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Անդրադառնալով երեկ Աշխատանի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականին՝ նկատեց՝ վերջինիս դեպքը մի քիչ այլ էր:

«Նա այդ ոլորտի ղեկավարն էր և ներկայացրել էր մի նախագիծ, որը մերժվել էր: Պետք է հետևողական լինել, պետք է լուծվի պարտադիր բաղադրիչին վերաբերող հարցը։ Կառավարությունում քննարկվող հարցը ոչ թե վերաբերում էր պարտադիր բաղադրիչի վերացմանը, այլ ուղղված էր հարցի վերաբերյալ մեղմացման ճանապարհներ գտնելուն։ Ինքը՝ վարչապետն էլ արձանագրել է, որ սահմանադրականությունը պահպանելու և արդարությունը վերականգնելու խնդիր կա։ Կարծում եմ՝ մենք գնում ենք այն ճանապարհով, որ նպատակ ենք դնում այս հարցը արդար և սահմանադրական նորմերի մեջ տեղավորելով լուծել։ Քայլ է կատարվում, որ ամսի 1-ից վիճակը թեթևացվի»,- ասաց նա՝ ընգծելով, որ իրենք պետք է գնանք նրան, որ պարտադիր բաղադրիչը հանվի։ 

Այդ դեպքում ինչո՞ւ ՀՅԴ-ն չպաշտպանեց Թանդիլյանի մոտեցումը, ըստ որի՝ մեկ տարով պետք է հետաձգվեր օրենքի ընդունումը դիտարկմանն ի պատասխան՝ Ռուստամյանն ասաց, որ իրենք պաշտպանել ենք այդ նախագիծը, բայց չեն քննարկել այն, քանի որ իրենք չեն ձևավորում օրակարգը։