Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով միջամտել քաղաքում վերջին օրերին կատարվող իրադարձություններին, որոնք արդեն անցնում են վերահսկելիության սահմանը: Բաց նամակը՝ ստորև.
«Հարգելի´ պարոն վարչապետ.Դիմում եմ Ձեզ ոչ միայն իմ, այլեւ բազում էջմիածնեցիների անունից: Մեր քաղաքում ստեղծված իրավիճակը սպառնում է վերածվել անվերահսկելիի:
Ունենք Ձեր աջակցության կարիքը, ակնկալում ենք Ձեր հստակ հանձնարարությունը ոստիկանությանը,
որպեսզի աջակցեն քաղաքում կարգուկանոնի պահպանման հարցում:
Հունիսի 14-ին Էջմիածնում անցկացվեց հանրահավաք իմ հրաժարականի պահանջով: Մենք իրազեկումն ընդունեցինք ի գիտություն, չնայած, որ ներկայացված էր օրենքի խախտումներով:
Մենք որեւէ կերպ չխանգարեցինք հանրահավաքի անցկացմանը:
Նույն այդ անձինք դիմել են նաեւ հունիսի 22-24-ը հանրահավաքի անցկացման համար: Իսկ այսօր' հունիսի 16-ին օրինական արտոնված հանրահավաքի թույլտվություն ունեին քաղաքապետ կարեն Գրիգորյանին աջակցողները:
Եվ հակառակ դրան, նույն այն անձինք, ովքեր կազմակերպել էին հունիսի 14-ի հանրահավաքը, երեկ ամբողջ օրը փակ են պահել Էջմիածնի փողոցները' հնարավորություն չտալով մեզ իրազեկել հանրությանը հանրահավաքի մասին, այսօր առավոտվանից էլ Էջմիածնում փողոցներ են փակում եւ հենց հիմա էլ քաղաքի հրապարակում են' այն վայրում, որտեղ օրինական հանրահավաքի թույլտվություն ունեն իմ կողմնակիցները:
Սա բացահայտ սադրանք է, բախման փորձ, որին, իհարկե, մենք չենք գնա, սակայն, ինչպես նշեցի' ունենք Ձեր աջակցության կարիքը»: