Այսօր՝ հունիսի 18-ին, կառավարության մուտքի դիմաց ցույց է․ այս անգամ գյուղացիներն են բողոքում։ Նրանք եկել են Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի մարզերից, դժգոհում են կաթի մթերման ցածր գնից և իրենց հետ բերել են կաթով լի մեքենաներ։
«120 դրամ մթերման գինը մեզ ձեռք չի տալիս։ Կաթով ենք եկել՝ կամ կտանք ժողովրդին, կամ կթափենք։ Ձրի կաթ ենք տալիս, միևնույնն է՝ մեզ բան չի մնում, խի՞ իրենք ուտեն․ 4 հոգի ուտի, մյուսները սոված մնա՞ն, թող ժողովուրդն ուտի։ Մեզանից կաթ ընդունող գործարանները վերցնում են 120 դրամով և վաճառում են խանութում մեկ լիտրը 450 դրամով։ Մինչդեռ նախկինում հանձնում էինք 200 դրամով։ Եթե մինչև հինգշաբթի օրն այս հարցին լուծում չտրվի և մինում մեր կաթը 170 դրամով չգնեն, ՀՀ ամբողջ կաթն ենք բերելու այստեղ»,-հայտարարեց ֆերմերներից մեկը։
Ցուցարարները նկատեցին նաև, որ կաթի գները նվազում են այս տարվա մայիսի 1-ից, ընդհանուր առմամբ, 70 դրամ նվազել է գինը։ Ավելացրին, որ կաթ վերցնող գործարաներին էլ են դիմել իրենց խնդրով, բայց մոնոպալիա է և լուծում չկա։
Ֆերմերներն այժմ սպասում են կառավարության նիստի ավարտին և հույս ունեն հանդիպել ու զրուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Իսկ մինչ այդ՝ կոչ են անում ՀՀ քաղաքացիներին՝ գնալ և անվճար կաթ վերցնել իրենցից։
Տեսանյութը՝ Factor.am-ի:
Լուսանկարը՝ Hetq.am-ի: