Գեներալ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով քննությունը շարունակվում է և ընթացքում պարզ կդառնա, թե ովքեր ինչ կապ ունեն այս գործի հետ, իսկ Մանվել Գրիգորյանը ազատ չի արձակվի: Այդ մասին այսօր՝ հունիսի 18–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Վանեցյանը նաեւ նշեց, որ առաջիկայում նոր բացահայտումներ կլինեն:
Հարցին՝ հայտնաբերվածի ճակատագիրը ի՞նչ է լինելու, գումարները բյուջե կվերադարձնե՞ն թե՞՝ ոչ, ԱԱԾ տնօրենը նշեց, որ այն դեպքերում, երբ հարցը վերաբերում է գումարները վատնելուն, տվյալ անձը կարող է վճարել այդ գումարներն ու ազատվել քրեական պատասխանատվությունից ըստ քրեական օրենսգրքի, սակայն Մանվել Գրիգորյանի հետ կապված այս բացահայտումները չեն դասվում այդ շարքին: «ԱԱԾ–ն իր անելիքն արել է, եւ մենք միշտ պատրաստ ենք աջակցել քննությանը»,–նշեց նա։
«Ես ենթադրություններով ու տրամաբանությամբ չեմ խոսում, խոսում եմ միայն փաստերով։ Փաստն այսօր ունենք, արձանագրել ենք»,– նշեց Վանեցյանը։