Արցախի հերոս, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր պաշտպանյալի տեսաուղերձը և կից գրառել. «Մարդը, ազատության մեջ գտնվելով, չի հեռանում դատարանի դահլիճից»։
 
«Պարո՛ն Գրիգորյան, փաստորեն, 6 ժամ է՝ ձերբակալման ժամը լրացել է, դատավորը դրա մասին մեզ տեղյակ է պահել: Ուղեկցող գնդի տղաներին դահլիճից դուրս է հրավիրել և ասել է՝ «դուք ազատ եք»: Հիմա ուզում եմ Ձեզանից հարցնել՝ դուրս չգա՞նք: Մենք ազատ ենք, մեր նկատմամբ այս պահին խափանման միջոց չկա կիրառած, ժամ չկա դրած, մենք ազատ ենք»,- դիմելով Գրիգորյանին՝ հարցրեց պաշտպան Արսեն Մկրտչյանը: 

Հարցին ի պատասխան՝ Մանվել Գրիգորյանն ասաց.

«Մենք այս պահին ունենք պատվի խնդիր և ինձ պետք է ապացուցել իմ մեղավորության մասը: Ես տասնյակ հազարավոր մարդկանց հետ ճանապարհ եմ անցել, չգիտեմ՝ ով ինչ է մտածում այս պահին իմ մասին: Ես մինչև վերջին պահը պետք է սպասեմ, որովհետև իմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում: Ընդհանուր՝ իմ մեջ չէ խնդիրը: 

 

Ես հավատում եմ ինձ, իմ ընկերներին, իմ երկրին, իմ պետությանը և արդարադատությանը: Ժամանակը բոլորի դատավորն է և կիմանանք ճիշտը»,- ասաց Գրիգորյանը: