Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ մարտական դիրքերում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել: Զինծառայողը 45 ամյա Հովհաննես Մելքոնյանն է, ով ընտանիքի հետ բնակվում էր Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրուցում համայնքի ղեկավար Գևորգ Միսակյանը մահացած զինվորի մասին պատմեց, որ Հովհաննեսը դիրքերից գալիս պարապ չէր մնում. ազատ օրերին կնոջ հետ աշխատում էր դաշտերում՝ օրավարձով:
Երեք երեխա ուներ: Մեծ աղջկան էլ ընդամենը մեկ շաբաթ առաջ են ամուսնացրել: Հովհաննեսին երեք օրով ուղարկել էին զորամասից տուն՝ մասնակցելու դստեր հարսանիքին: Տոնական խնջույքից օրեր անց էլ տեղի ունեցավ ցավալի դեպքը:
«Ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիք է, Հովհաննեսն ինքն էլ որբ էր՝ ծնողները երկրաշարժի ժամանակ զոհվել էին: Լրիվ պատահական հայտնվել էր մեր գյուղում, ծանոթացել տեղացի աղջկա հետ ու ամուսնացել: Ապրում էին փայտե տնակում»,-պատմեց համայնքապետը: