Մատնահետքերով նույնականացման, մատների թանաքավորման և ընտրողների նախագրանցման մեխանիզմները չեն գործելու առաջիկա ընտրություններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:

«Հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ մատնահետքերի միասնական առժամանակյա գործող համակարգի ներդրումն այս ընտրություններում իրատեսական չէ, քանի որ Կառավարության ծրագրով սահմանված ժամկետում հնարավոր չի լինի պատշաճ կազմակերպել այն:Հանձնաժողովը մերժեց նաև գունավոր և անգույն թանաքով մատների թանաքոտման մեխանիզմը, քանի որ այն ռիսկեր է պարունակում: Մերժվեց նաև ընտրողների նախագրանցման ինստիտուտի գաղափարը»,-ասաց Իոաննիսյանը:

Նրա խոսքով՝ դրանք կրկնաքվեարկության կանխման լրացուցիչ մեխանիզմներ էին: Սակայն 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո հրապարակված դիտորդական առաքելությունների զեկույցներից ոչ մեկում բարձրացված լուրջ խնդիրների ցանկում չկա կրկնաքվեարկության խնդիր: Հանձնաժողովը քննարկում է կրկնաքվեարկությունների կանխման լրացուցիչ մեխանիզմների ներդրման հնարավորությունները: Սակայն Իոաննիսյանը հստակեցրեց, որ դրա նպատակը ոչ թե կրկնաքվեարկությունների թիվը նվազեցնելն է, քանի որ դրանք արդեն անցյալում են, այլ հանրությանը լրացուցիչ վստահության հիմքեր տալը:

«Հանրությունն էլ ավելի վստահ պետք է լինի, որ կրկնաքվեարկություններ չկան: Քաղաքացին վստահ պետք է լինի, որ իր քվեն տեղ է հասնում»,-ասաց Իոաննիսյանն ու հավելեց, որ նման մեխանիզմներ դեռևս կքննարկվեն, սակայն դրանք լինելու են արդեն եղած մեխանիզմների լրացուցիչ մեխանիզմներ: