Մեր մտահոգության և անհանգստության պատճառ է դարձել վերջին օրերին Սուրբ Էջմիածնում ծավալվող իրադարձությունները, որի ընթացքում «Նոր Հայաստան՝ Նոր կաթողիկոս» նախաձեռնությունը, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջը շահարկելով, դիմել են ծայրահեղ քայլի՝ բռնազավթելով Վեհարանը:

Ցանկացած խնդիր ունի լուծման իր բանաձևը: Անշուշտ, Սուրբ Էջմիածնում էլ կան խնդիրներ, դրանց առկայությունը որևիցե մեկը չի պատրաստվում հերքել և չի էլ կարող, սակայն դա թույլ չի տալիս որևիցե մեկին պարտադրել մի ամբողջ ազգային կառույցի եղած խնդիրներին լուծում տալ ըստ իր և գուցե իր տերերի ճաշակի, ախորժակի, վիճելի աշխարհընկալման և աշխարհայացքի:

Անընդունելի է անօրինական և ապօրինի ճանապարհով ու միջոցներով «պայքարել» ցանկացած ծավալի անօրինականության և ապօրինության դեմ, առավել ևս, որ հարվածն ավելի շատ հասնում է մեր հազարամյա ազգային եկեղեցուն, քան պայքարի թիրախ հռչակված անհատներին։ Գուցե շատերի մղումներն անկեղծ են, սակայն ընտրված ճանապարհը վտանգավոր է և անթույլատրելի, ընտրված ճանապարը պառակտիչ է ու դատապարտելի մի տարածաշրջանում, որտեղ տարեց տարի կտրուկ նվազում է քրիստոնյաների քանակը և որակը, ինչ «վեհ նպատակների» համար էլ որ լինի այս աղմուկ-աղաղակը, ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը: Խնդիրնե՞ր ունեք, խնդիրնե՞ր եք տեսնում, խնդրեմ՝ գտեք ճիշտ ճանապարհները և միջոցները և լուծեք դրանք, սակայն մեր սրբավայրերից ու եկեղեցուց հեռու պահեք ձեր ձեռքերը։

Անթույլատրելի և անդառնալի հետևանքներով հղի է նման ինքնիրավչությամբ խնդիրներ լուծելու գործելավոճը, որը կարող է նախադեպ դառնալ, ինչն անվերապահորեն իր բացասական հետևանքն է թողնելու ոչ միայն մեր ազգային եկեղեցու, այլև ՀՀ հետագա զարգացման վրա:

Առավել անթույլատրելի է պատկան մարմինների անգործունեությունը, ձեռքերը ծալած նստելու և իրադարձությունների ընթացքին չխառնվելու գործելաոճը: Ուստի, կոչ ենք անում նրանց անհապաղ ձեռնարկել անհրաժշտ միջոցառումներ, որպեսզի իրավիճակն էլ ավել չսրվի ու դուրս չգա վերահսկողությունից: Մենք կարող ենք նույն հաջողությամբ մեր սրբավայրերը դատարկել անկարգ և անսուրբ մարդկանցից, սակայն համոզված ենք, որ ՀՀ-ում կան օրինական մարմիններ, որոնց առաջին հոգսը պետք է լինի ազգային ավանդական արժեքների անվտանգությունը։ Հուսով ենք՝ անհապաղ կկատարվի ցանկալին, և իրավապահ մարմինները կվերականգնեն մեր սրբավայրերի անդորրը, և Սուրբ Էջմիածինը վերստին հնարավորություն կստանա շարունակել իր բնականոն աշխատանքը։

Վահագն Չախալյան
09.07.2018 թ.