Ղրղզստանի Հանրապետության քաղաքացի 1997 թ. ծնված Արաբզոն Բ.-ն ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է տվել, որ հուլիսի 8-ին՝ ժամը 20.30-ին, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռով Գյումրի ժամանելուց հետո «Շիրակ» օդանավակայանում «Օպել» տաքսի ավտոմեքենայի վարորդին խնդրել է իրեն տեղափոխել մոտակա հյուրանոց:
Վարորդը տեղափոխելու և հյուրանոցի մեկ օրվա գիշերակացի համար իրենից պահանջել և ստացել է 100 ԱՄՆ դոլար ու 10 հազար դրամ, որից հետո, նախնական պայմանավորվածության համաձայն, հուլիսի 9-ին՝ ժամը 10.00-ի սահմաններում, նշված տաքսու վարորդը Թբիլիսի ճանապարհելու համար իրենից վերցրել է 30 հազար դրամ և, Գյումրիի ավտոկայանում մատնացույց անելով Թբիլիսի մեկնող ավտոմեքենան, հեռացել, ինչից հետո Արաբզոն Բ.-ն պարզել է, որ Գյումրիից Թբիլիսի ուղևորափոխադրման վարձն ընդամենը 5 հազար դրամ է:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ «Շիրակ» օդանավակայանի դիմացից բաժին բերման է ենթարկել 1982 թ. ծնված Մեխակ Մ.-ն, ով խոստովանել է, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը: