Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեն (ԽԿԿ) հրապարակել է 2004, 2012, 2013, 2015, 2016, 2017 թթ. Ադրբեջան կատարած այցերի վերաբերյալ զեկույցը:

 

Այս մասին հայտնում է www.coe.int կայքը:

 

ԽԿԿ-ի զեկույցում նշվում է, որ ըստ կոմիտեի տպավորության՝ Ադրբեջանում շարունակում է տարածված և էնդեմիկ մնալ ոստիկանության, այլ իրավապահ մարմինների և բանակի կողմից մարդկանց նկատմամբ իրականացվող խոշտանգման դեպքերը, ֆիզիկական վատ վերաբերմունքի այլ ձևերը, ամբողջ իրավապահ համակարգում կոռուպցիայի և անպատժելիության մթնոլորտը:

 

2017 թ. Կոմիտեի՝ Ադրբեջան կատարած հատուկ այցի արդյունքները ցույց են տալիս իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում տարածված բռնության մշակույթը:

 

«Այս ամենից բացի՝ այդ երկրում կա անպատժելիության և վատ վերաբերմունքի մասին պնդումների վերաբերյալ պատշաճ քննություն իրականացնելու լուրջ խնդիր: Լուրջ խնդիր կա նաև ձերբակալված անձանց համար փաստաբանի մատչելիության, իրավունքների պատշաճ ծանուցման, բժշկի օգնության հասանելիության, տեղեկություն ստանալու իրավունքի բնագավառներում»,-նշվում է զեկույցում:

 

Զեկույցում նշվում է, որ չնայած իրականացված որոշակի բարեփոխումներին, նոր բանտերի կառուցմանը և եղածների վերանորոգմանը՝ գոյություն ունի նաև բանտերի գերբեռնվածության, նորմալ պայմանների բացակայության, անհամաչափ բժշկական օգնության, բանտերի աշխատակիցների ցածր աշխատավարձերի լուրջ խնդիր, ինչը խանգարում է կոռուպցիայի դեմ պայքարին և բանտարկյալների նկատմամբ իրականացվող խոշտանգումների կանխարգելմանն ուղղված քայլերին: