«Երբ հանդիպում եք սույն քաղաքական գործչին, խնդրում եմ, հուշեք, որ Հայաստանի երեք հանրապետություններում էլ եկեղեցին անկախ է եղել պետությունից: Նա երեկ չէ առաջին օրը արտահայտեց հերթական պայծառ միտքը՝ հորդորելով Վեհափառին, որ հայտարարություն ունի, թե եկեղեցին անկախ է պետությունից, այսինքն՝ այն, ինչ ամրագրված է Սահմանադրության մեջ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության համակարգող Գուրգեն Եղիազարյանը:
Նրա այսօրվա ասուլիսն ամբողջությամբ նվիրված էր փետրվարի 18-ի նախագահի ընտրություններում պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանին: Ավելի ճիշտ՝ ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ Րաֆֆի Հովհաննիսյանի քննադատությանը: Գուրգեն Եղիազարյանը Րաֆֆի Հովհաննիսյանին մեղադրեց Մարտի 1-ի պատմությունը կեղծելու մեջ, կասկածի տակ դրեց ընտրություններում ստացած ձայները և նրան անվանեց «սևազգեստ քաղաքական գործիչ»: Գուրգեն Եղիազարյանը նշեց, թե ինքն ինչքան ցանկանում է չանդրադառնալ Րաֆֆի Հովհաննիսյանին, չի կարողանում, քանի որ վերջինս ետին թվով փորձում է կեղծել պատմությունը: Գուրգեն Եղիազարյանին մասնավորապես զայրացրել է «Ժառանգության» առաջնորդի այն հայտարարությունը, թե իր կուսակիցները 2008-ի մարտի 1-ին կանգնել են Ոստիկանության և ցուցարարների միջև՝ այդպիսով թույլ չտալով, որպեսզի զոհերի թիվն ավելի շատ լինի, այնինչ ինքը տեսել է կուսակցության մի քանի անդամների: «Անհարկի ցանկանում է իր կուսակցական ընկերների մասնակցությունը Մարտի 1-ին բարձրացնել, այսինքն՝ նոր զարգացումներ է տալիս: Շատ զազրելի բան է՝ տարիներ անց խոսել դեպքերի մասին»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե ինքը Սերժ Սարգսյանի երդմնակալությանը գնացել է սևազգեստ է և բաժակ չի խփել՝ ՍԴՀԿ անդամը հայտարարեց, որ ինքը կադրերով բաժակը տեսել է Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռքին, բայց այն մոտեցրել է Սերժ Սարգսյանի բաժակին, իսկ շնորհավորե՞լ է, թե՞ ոչ, չգիտի։ Գ. Եղիազարյանը վստահ է, որ բողոքն արտահայտում են բարձրաձայն, ինչը չի արել Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ձեզանից մեկն ու մեկը լսե՞լ է, որ նա ինագուրացիայի ժամանակ բողոք է արտահայտել, կարող է՝ մտքո՞ւմ է ասել: Հիմա լացուկոծը դրել է, ասում է՝ ես կմահանամ, դիակիս վրայով քայլ կանեն, Վեհափառն այնտեղ կպղծի Աստվածաշունչը…»,- նշեց Գուրգեն Եղիազարյանը: