Հայաստանի և Իրանի հարաբերությունները կայուն զարգանում են՝ համաձայն երկու երկրների միջև տնտեսական ու ռազմավարական շահերի:Այս մասին EADaily-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

 

«Մեր հարաբերություններն ընդգրկում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսությունը, մշակույթն ու կրթությունը: Պաշտպանության ոլորտում հայ-իրանական հարաբերությունները սահմանափակվում են աշխատանքային ռազմա-քաղաքական խորհրդակցություններով՝ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով»,- ասել է ՊՆ ղեկավարը:

 

Անդրադառնալով Իրանի և Միացյալ Նահանգների միջև լարված հարաբերությունների առկայության փաստին՝ Տոնոյանը նշել է, որ Հայաստանը մշտապես իր բարեկամական երկրների միջև խնդիրները բանակցային ճանապարհով կարգավորելու կողմնակից է եղել: «Հուսով ենք, որ Իրանի ու ԱՄՆ միջև հարաբերությունների ներկա վատթարացումը ժամանակավոր երևույթ է և ապագայում դրանք աստիճանաբար կբարելավվեն»,- հայտարարել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը: