Ընթանում է նորմալ իրավական գործընթաց Հայաստանի Հանրապետության ամենաողբերգական երկու էջերից մեկի իրական պատասխանատուներից մեկին պատասխանատվության կանչելու ուղղությամբ: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության մամուլի խոսնակ Արման Մուսինյանը՝ անդրադառնալով Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Մարտի 1-ի շրջանակում հարցաքննությանն ու նրան կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդության քննությանը:

Ի դեպ, այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդության քննությունը: Սպասվում է դատավճռի հրապարակումը:

 

Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ կան դատական գործընթացներից, Մուսինյանը պատասխանեց.

«Մենք  ակնկալում ենք, որ այդ իրավական գործընթացը կանգ չի առնի, քանի դեռ բոլոր պատասխանատուները, հանցանք գործածները չեն կանգնել դատարանի առաջ և չեն ստացել իրենց պատիժը»,- նշեց Մուսինյանը:

Նշենք, որ երեկ Ռոբերտ Քոչարյանը ներկայացել էր ՀՔԾ՝ Մարտի 1-ի գործով հարցաքննության, որից հետո, երեկոյան ժամը 22:30-ին, պետք է տեղի ունենար դատական նիստ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման մասով: Սակայն դատական նիստը հետաձգվեց, քանի որ Երկրորդ նախագահը չէր ներկայացել դատարան՝ պատշաճ ծանուցում չստանալու պատճառով: 

«Ասել, որ Քոչարյանի հարցազրույցն իսկական գտածո է, քիչ կլինի»,-տեսակետ է հայտնում Մուսինյանը:

Նա իր ֆեյսբուքյան էջում, առանց խորանալու կոնկրետ դետալների մեջ, հարցազրույցից հետևյալն է արձանագրել.

«1.Հարցաքննությանն ու հարցազրույցին ընդառաջ, Քոչարյանը գոնե հարկ չի համարել հիշել 2008թ․ իրադարձությունների ժամանակագրությունը։ Հաջորդած դեպքը դարձնում է նախորդած և հակառակը։ Օրը 6-8 ժամ գիրք էր գրում, փոխարենը մի քանի ժամ կարող էր տրամադրել այս հարցին՝ ծիծաղելի չերևալու համար (գիրք գրելու ժամանակ հիմա շաաատ կունենա)։

 

2․ Քոչարյանը պատկերացում չունի, ինչ ասել է Նախագահ և նրա սահմանադրական լիազորություններ ու գործառույթներ։

3․ Քոչարյանն այնքան համարձակություն չունի, որ փորձում է իր և մեղադրանքի արանքում խցկել բոլոր հնարավոր նախկին գործընկերներին։ Նախագահ ես եղել. գոնե կարողացիր գլուխդ բարձր պահել՝ եթե նույնիսկ համարում ես, որ քեզ շինծու դատում են։

4․ Քոչարյանը ստում է, ստում է ու ստում։ Կոնկրետ դրվագներով։ Ավելի մանրամասն՝ տես Aren Manukyan-ի ստատուսում։ 

5. Քոչարյանն ատել և ատում է մեր ժողովրդին՝ նրան համարելով իր գլխին գալիք փորձանքների պատճառը։
6․ Քոչարյանը չունի մի ընկեր, ով իրեն կպաշտպանի (և սա որևէ մարդու ամենաբնորոշիչ գնահատականն է)։ Ստիպված ինքն իրեն է պաշտպանում։ Ավելի խղճուկ վիճակ հնարավոր չէր պատկերացնել»,- նշում է նա։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301.1 հոդվածի 1-ին մասով, ըստ որի՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ նա տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: 

Սոնա Հարությունյան