Իտալիայի Հանրապետության նախագահի դուստր Լաուրա Մատարելան ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի ուղեկցությամբ հուլիսի 31-ին այցելեց մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան, որտեղ պահպանվում է Փարաջանովի բազմազան գեղարվեստական և գրական ժառանգությունը:
Տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը հյուրերին ներկայացրեց Սերգեյ Փարաջանովի կյանքի ողբերգական և փառահեղ դրվագները' ներկաներին ծանոթացնելով նրա ստեղծագործություններին' ֆիլմերին, կոլաժներին, տիկնիկներին, այլ հետաքրքիր գործերի:
Սարգսյանը պատմեց, որ Փարաջանովը սկսել է կոլաժներ ստեղծել' ասելով, որ Խորհրդային Միությունում իշխանություններն իրեն թույլ չեն տալիս կինոժապավեններ նկարահանել, ուստի ինքը այդ բացը կլրացնի կոլաժներով. կոլաժը սեղմված ֆիլմն է:
Զավեն Սարգսյանն անդրադարձավ «Նռան գույնը» («Սայաթ-Նովա») հանրահայտ և աղմկահարույց կինոնկարին' նշելով, որ այն չունի սյուժե: Այդ ժապավենով ռեժիսորը ցանկացել է երկրի պատկերը ստեղծել:
Հյուրերը շրջեցին տուն-թանգարանի բոլոր հատվածներով, լուսանկարվեցին, իսկ շրջայցի ավարտին Զավեն Սարգսյանը Լաուրա Մատարելային նվիրեց «Նռան գույնը» կինոնկարի սկավառակը' շեշտելով, որ այն լավագույն ֆիլմն է Հայաստանի մասին, Սերգեյ Փարաջանովի աշխատանքների փոքր ալբոմը:
Տնօրենը Իտալիայի նախագահի դստերը և ՀՀ նախագահի կնոջը նվիրեց «Մեկուսացում» գիրքը, որում զետեղված են Փարաջանովի կյանքի բանտային տարիներին վերաբերող նամակներ, նյութեր, նկարներ:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին Զավեն Սարգսյանին ջերմ ընդունելության համար: