Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը օգոստոսի 3-ին ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը ողջունելով հյուրին՝ բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և պատրաստականություն հայտնել սերտ համագործակցության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Մասնավորապես՝ Դմիտրի Գվինդաձեն ներկայացրել է ՎԶԵԲ-ի ներգրավվածությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակը և հավելել, որ գործարար միջավայրի բարելավումը կարող է խթան հանդիսանալ առկա համագործակցության խորացման համար:

Կողմերը նշել են նաև, որ Հայաստանին առնչվող ՎԶԵԲ-ի նոր 5-ամյա ռազմավարության ծրագիրը կարող է լավ հիմք հանդիսանալ ապագայում սերտ համագործակցության խորացման համար: