Վերջին շրջանում նկատվում է բավական լուրջ ակտիվություն Արցախի հարցի քննարկումներում։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ, ինչպե՞ս և ինչո՞ւ հենց հիմա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։
Քաղաքագետը այս խոսակցությունները կապում է հակահեղափոխական գործողությունների հետ, որը, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո է սկսվել։
«Ունենք երկու կարևորագույն միջազգային փաստաթուղթ՝ Ազգերի Լիգայի խորհրդի 1920 թվականի որոշումը, որով Հայաստանի սահմանները հասնում են Կուռ գետ և Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, որը բեկանման ենթակա չէ, դրա համաձայն Արցախն այսօրվա ՀՀ հանրապետության մաս է։ Այդ դեպքում գործ ունենք Արցախի մի կարգավիճակի հետ, որտեղ Արցախը անկախ պետությունը է, բայց ՀՀ-ն անգամ չի ճանաչում Արցախի անկախությունը։ Արցախում ձևացնում են, թե անկախ պետություն են, բայց սնվում են Հայաստանի բյուջեից, Հայաստանի ԶՈւ-ն պաշտպանում է Արցախը։ Որևէ մեկին չենք խաբում սրանով, բացի ինքներս մեզնից։ Սա վնասակար է, որովհետև մենք հայտնվել ենք փակուղում։ Այս տեսությունը Լևոն Տեր-Պետրոսյանի մտքի արգասիքն է, որով իրականում առաջին նախագահն ու իր ռեժիմը փորձ էին կատարում ազատվել «Արցախյան բեռից»»,- ասաց քաղաքագետը։
Մարտիրոսյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ հայ հասարակության մեջ ստեղծվել է տենդենց, որ Արցախի անկախությունը կարևոր է։
«Ինձ համար գոյություն չունի Արցախի Հանրապետություն, գոյություն ունի Արցախի մարզ, որը դե ֆակտո, և անգամ իրավաբանորեն Հայաստանի մարզ է, և, որը հայ զինվորները պաշտպանում են։ Արցախում չպետք է որևէ մեկը մտածի, որ դա անկախ տարածք է։ Դա, կրկնում եմ, շատ վտանգավոր է Հայաստանի և Արցախի անվտանգության համար։ Մենք դրանով պարտավորվում ենք Արցախի պատմական 7 շրջանները հանձնել Ադրբեջանին»,- հավելեց քաղաքագետը։