Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է վկայի կարգավիճակով ցուցմունք տալ Մարտի 1-ի գործով:
Այս մասին ԱԺ-ում լրագրողներին հայտնեց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը:
«Բոլորը, ովքեր կարող են օգտակար լինել գործի բացահայտմանը, պետք է ուրախ լինեն ներկայանալ քննչական ծառայություն և նյութեր տալ: Այս երկրում չկա մեկը, ով ավելի շատ է շահագրգռված «Մարտի 1»-ի գործի բացահայտմամբ, քան Լևոն Տեր-Պետրոսյանը»,- ասաց Մանուկյանը:
Արամ Մանուկյանի խոսքով' իրենք 10 տարում հավաքել են այն բոլոր նյութերը, որոնք պատրաստ են տրամադրել արդարադատություն իրականացնող մարմնին:
«10 տարի մենք նյութեր ենք հավաքել, գրքեր հրատարակել, ֆիլմեր նկարահանել, դիմել ենք միջազգային եվրոպական բոլոր կառույցներին, կազմել ենք հնարավոր բոլոր հանցագործների ցուցակը: Մենք ունենք բոլոր ոստիկանների ցուցակը, որոնք կեղծ ցուցմունքներ են տվել, բոլոր դատախազների անունները, որոնք կեղծ մեղադրանքներ են ներկայացրել: Վերջին աշխատանքն արել ենք դեռևս «Մարտի 1-ի» տասնամյակը լրանալուց առաջ: Փաստաթղթերի ժողովածուի հրատարակումից անմիջապես հետո դրա օրինակներն ուղարկել ենք բոլոր շահագրգիռ կողմերին: Դա մի ամբողջ ժողովածու է, որը բավական է «Մարտի 1-ի» գործը բացահայտելու համար: Նյութն այնքան շատ է, որ ամբողջապես ապացուցում է «Մարտի 1»-ի ոճրագործության նախապես կազմակերպված և իրագործված լինելը»,- նշեց Արամ Մանուկյանը:
Նա լրագրողների հետ զրույցում նշեց նաև, որ «Մարտի 1»-ի գործով նախկինում մեղադրված անձինք, այսօր քննչական մարմնում ցուցմունք են տալիս տուժողի կարգավիճակով:
ՀԱԿ անդամի խոսքով' Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը պետք է շարունակվի մնալ կալանավորումը: