ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել հայաստանյան ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Աս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

 

«Առողջապահական ապահովագրության ոլորտը պետք է առողջացնել, բուժհիմնարկների հետ ոչ ֆորմալ պայմանավորվածություններին պետք է վերջ դնել, իսկ որ այդպիսիք կան' տեղյակ ենք»,- հայաստանյան ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

 

Նախարարի խոսքով' սոցիալական փաթեթի շրջանակներում ապահովագրական ծառայությունների մատուցման որակը պետք է բարձրացվի: Հիմնական անելիքներից է նաև ապահովագրության շրջանակի ընդլայնումն ու ապահովագրվածների թվաքանակի կտրուկ ավելացումը: Իսկ այս նպատակին պետք է հասնել առավել արդյունավետ աշխատող, միաժամանակ հնարավորին չափ քիչ ծախսատար համակարգ ունենալով: «Այս առումով քաղաքացիների վստահությունը շահելն ու նրանց կողմից ստացվող բողոքների կրճատումը պետք է լինի մեր ընդհանուր օրակարգում»,-ասել է Թորոսյանը:

 

Անդրադարձ է կատարվել ընկերություններին հետաքրքրող հարցերին, մասնավորապես, նաև բժշկական սխալի ապահովագրության ներդրման թեմային: Նախարարը շեշտել է, որ ոլորտին առնչվող ցանկացած հարց նախարարությունում կդառնա քննարկման թեմա: