«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հայտարարել է, թե սխալ է այն մոտեցումը, որով փորձ է արվում հեղափոխությունը կուսակցականացնել։ Դրանից ելնելով` «Ժառանգությունը» դիմել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ Երեւանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու համար։ ՔՊ-ի կողմից պատասխան չկա։ 

ՔՊ լռությունը որևէ կերպ կապված չէ «Ժառանգության» քաղաքական կշռի հետ, Փաշինյանի համար գործնականում դաշինք կազմելու և միասնական ցուցակով ավագանու ընտրություններին մասնակցելու որևէ քաղաքական հրամայական չկա: Նույնը կարելի է ասել նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար: Արդեն իսկ ըստ էության տեղի է ունեցել ԵԼՔ-ի երեք ուժերի «քաղաքական ապահարզանը», իսկ ինքը Փաշինյանը վերջին օրերին բազմիցս է քաղաքական մեսիջներ հղել առ այն, որ որևէ մեկի աջակցության կամ «լավության» կարիքը չի զգում:

 

Չի կարելի բացառել, որ փոքր կուսակցությունները մեծագույն ցանկություն ունեին ՔՊ փեշի տակ անցնել ավագանի, կամ խորհրդարան: Սակայն իշխանության վարած քաղաքականությունը թույլ է տալիս ենթադրել, որ իրենք ևս որևէ մեկին չեն պատրաստվում լավություն անել և կիսվել թավշյա հեղափոխության քաղաքական դիվիդենտներով: Ըստ երևույթին նման մի իրավիճակում էր հայտնվել Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը. Քաղաքական շշուկների ֆոնին որևէ մեկը չէր բացառել ՀԱԿ մասնակցության հնարավորությունը գալիք ընտրություններին: Հաշվի առնելով Տեր-Պետրոսյանի գործոնը այդ հավանականությունը ավելի քան իրատեսական էր թվում: Սակայն այսօր արդեն ՀԱԿ-ը հաղորդագրություն է տարածել, հայտարարելով որ չի մասնակցի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին: Միևնույն ժամանակ Տեր-Պետրոսյանի քաղաքական ուժը իր աջակցությունն է հայտնել գործող իշխանություններին: Չի բացառվում. Որ ՀԱԿ-ը ևս դիմել էր ՔՊ-ին միասնական ցուցակով մասնակցելու համար, իսկ պատասխանը ուշանում էր՝ դրանով էր պայմանավորված նաև ՀԱԿ «ոտքը կախ գցելը»: Իսկ այն փաստը, որ ՀԱԿ-ը չի մասնակցի գալիք ընտրություններին՝ ինքնին խոսուն է հնարավոր ստվերային բանակցությունների տապալման առումով: Փաշինյանին քաղաքական բալաստ անհրաժեշտ չէ...