Երեկ Ազգային ժողովն ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Սևանա լճից 40 մլն խմ լրացուցիչ ջրառ իրականացնել: Հաշվի առնելով, որ այժմ օգոստոս ամիսն է, և բերքահավաքն արդեն սկսվել է, հարց է առաջանում՝ արդյո՞ք գյուղացու համար դա ուշացած որոշում չէ: Այս և այլ հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի հետ։

«Գյուղացին խաղողի բերքահավաքից հետո այգեթաղ պետք է իրականացնի։ Ընդհանուր սեպտեմբերի կեսին գյուղացին ոռոգումը կվերջացնի․ կմնա այգեթաղը և ցորենի ու այգիների համար ջուրը։ Այն մինիմալ ծավալով ջուր է պահանջում»,-ասաց Բերբերյանը։

 

Հարցին՝ ինչքանո՞վ էր նպատակահարմար այս շրջանում ջրառ իրականցնելը՝ Բերբերյանը դժվարացավ պատասխանել․

«Չեմ կարող ասել՝ ուշացած էր, թե ոչ, բայց 80 մլն խմ-ն օդից էր վերցված։ Կառավարությունը շատ լավ արեց, որ իջեցրեց։ 25 մլն խմ էլ բավական էր։ Կարծում եմ՝ պետք է ուսումնասիրություններ արվեր, բայց Ջրային կոմիտեի կողմից անսպասելի էր այդ քայը։ Ուղղակի ժամանակ չկար ուսումնասիրելու՝ իրո՞ք այդ վիճակն էր, թե՞ ոչ։ Գյուղացին չգիտի՝ որ ջրամբարում ինչքան ջուր կա։ Կարծում եմ՝ կառավարությունը պետք է լուրջ հանձնաժողով ստեղծի ջրային կոմիտեի աշխատանքը ոտքից գլուխ ստուգելու համար՝ պարզելու՝ արդյո՞ք արդյունավետ են աշխատում»։

ԼՈւՐԵՐ․com-ը Սևանից ջրառ կատարելու նպատակահարամարության մասին զրուցեց նաև Ջրային կոմիտեի  ջրօգտագործող ընկերություններին աջակցող խմբի համակարգող Կարեն Դադոյանի հետ, որը նշեց, որ նշված ջրաքանակի 40 մլն խմ-ն է միայն Սևանից։

«Մենք ունենք նաև գետ, Ազատի ջրամբար և պոմպակայաններ, որոնք պետք է արտադրեն 88 մլն խմ ջուր, որը բավարարելու է մինչև հոկտեմբերի 1-ը։ Մենք ունենք 40 մլն խմ + 48 մլն խմ՝ այլ ջրաղբյուրներից, դոտացիոն պոմպակայանից, Ազատի ջրամբարի ջրի մնացորդից․ Հրազդան գետը տալու է 15 մլն խմ ջուր»,-ասաց Դադոյանը։

 

Նա նկատեց, որ այդ խնդրով ահազանգել են կառավարություն դեռ հուլիսի 15-ից, որի ժամանակ պարզ է դարձել, որ կա 120 մլն խմ ջրի դեֆիցիտ։

«Դիմել ենք, որ մեզ գոնե, 40 մլն խմ-ով Սևանը օգնի, մնացածը մենք մեր դոտացիոն պոմպակայաններով կլրացնենք, որոնք, ի դեպ, նախատեսված չեն եղել շահագործելու, որովհետև դա էներգատար համակարգ է։ Տարվա սկզբից օգտագործել ենք 40 մլն խմ, նախատեսում ենք օգտագործել եւս 18 մլն խմ։ Ընդհանուր, 58 մլն խմ լրացուցիչ ջուր մղելու համար մենք ծախսելու ենք 30 մլն կվտ էլեկտրաէնեգիա, որը հավասարազոր է 1մլրդ 200 դրամի։ Դա բյուջեով նախատեսված չէ և լրացուցչի կրեդիտորական պարտք է ավելացնում»,-հավելեց Դադոյանը։