Սեպտեմբերի 1-11-ը Վրաստանում տեղի կունենան ՆԱՏՕ-ի Agile Spirit 2018 զորավարժությունները, որոնց Հայաստանը չի մասնակցի: Նախորդ տարի նմանատիպ զորավարժությունների մասնակցությունից վերջին պահին հրաժարվելը միանշանակ չընդունվեց հայկական փորձագիտական շրջանակների կողմից, և Հայաստանն այսպիսի կտրուկ քայլով քաղաքական որոշ շրջանակներին ևս մեկ անգամ առիթ տվեց խոսելու հայկական ինքնիշխանության խոցելիության մասին։
Թավշյա հեղափոխությունից հետո, սակայն, ավելի ու ավելի հաճախ է խոսվում Հայաստանի սուբյեկտայնության բարձրացման մասին: Ակնհայտ է, որ մեր երկիրը փորձում է դուրս գալ դաշնակիցների հետ վասալային հարաբերությունների փակ շղթայից, և դա առաջացնում է այդ նույն դաշնակցիների լուրջ դժգոհությունը, որը վերջին շրջանում, ի դեպ, անթաքույց է արտահայտվում: Ընդամենը կես ամիս առաջ Վրաստանում անցկացվեցին ՆԱՏՕ-ի այլ զորավարժություններ, որոնց մասնակցեց Հայաստանի չորս հոգանոց պատվիրակություն: Ռուսական կողմն այս անգամ նույնիսկ չփորձեց գնահատականները տեղավորել դիվանագիտական պատշաճության շրջանակների մեջ:
Ըստ երևույթին, ռուսական կողմի ազդակները տեղ են հասել և հայ-ռուսական հարաբերությունների՝ առանց այդ էլ լարված ֆոնին պաշտոնական Երևանը որոշակի ժեստ է անում Կրեմլին՝ փորձելով չսրել իրավիճակը, այն էլ՝ այն դեպքում, երբ ՀԱՊԿ-ում Հայաստանի գործերը, մեղմ ասած, հարթ չեն ընթանում: Դեռ հասկանալի չէ, թե ինչով կավարտվի Խաչատուրովի ոդիսականը և արդյո՞ք Հայաստանը կշարունակի մինչև 2020 թվականը նախագահել այս կառույցում: ՆԱՏՕ-ի՝ իրականում ՀՀ համար որևէ պրակտիկ նշանակություն չունեցող այս զորավարժություններին մասնակցելը Մոսկվայի կողմից կարող էր դիտարկվել իբրև ևս մեկ շեղում նոր իշխանությունների կողմից հայտարարված բազմավեկտորային արտաքին քաղականությունից…