Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև մոտ ժամանակներս պլանավորվող հանդիպմանը, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:
«Մոտ ժամանակներս պլանավորվում Է նախագահ Պուտինի և վարչապետ Փաշինյանի ևս մեկ հանդիպում: Կարծում եմ՝ մեզ համար կարևոր կլինի լսել, թե Հայաստանի նոր ղեկավարն ինքն ինչպես է գնահատում իր երկրում իրադրության զարգացման հեռանկարները: Իհարկե, մենք բնավ անտարբեր չենք, թե այս իրավիճակում ինչ տեսք ունեն Հայաստանի պարտավորությունները ՀԱՊԿ-ի հանդեպ, մենք ելնում ենք այն բանից, որ այդ պարտավորությունները գործում են, դրանք հարկավոր Է կատարել ամբողջությամբ, այդ թվում՝ այն առումով, ինչը վերաբերում Է մեր ընդհանուր կազմակերպության վարկի ու հեղինակության ամրապնդմանը»,-ասել Է նախարարը՝ ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջին կուրսեցիների առջև:
Ուշագրավ է, որ նման հայտարարություն է արվում Պուտին–Ալիև կայացած հանդիպումից հետո, և ինչն էլ ավելի հետաքրքիր է՝ Պուտին-Փաշինյան սպասվող հանդիպմանը ընդառաջ:Սա արդեն ՌԴ արտգործնախարարի երկրորդ՝ բավական կոշտ տոնայնությամբ արված հայտարարությունն է, առաջինը հետևեց Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը և ներհայաստանյան վերլուծական շրջանակների կողմից դիտարկվեց իբրև Մոսկվայի անթաքույց միջամտություն Հայաստանի ներքաղաքական կյանքին:
Այս անգամ ևս Մոսկվան բաց տեքստով հայտնում է իր մտահոգությունը: Այն, որ Փաշինյանից ակնկալում են գնահատել Հայաստանում իրադրության զարգացման հեռանկարները, ինքնին ազդակ է, որ այդ հեռանկարները Մոսկվային անհանգստացնում են: Բացի այդ, արդեն իսկ հասկանալի է դառնում, որ Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը ընդգրկելու է հենց Լավրովի կողմից արված երկու հայտարարությունների գլխավոր անհանգստացնող մոտիվները՝ ՀԱՊԿ իմիջը, որի անկման հարցը չի կարող չմտահոգել ՌԴ իշխանություններին և իհարկե՝ Ռոբերտ Քոչարյան և Մարտի 1: Օրեր առաջ, ի դեպ, ռուսական կողմը հայտնել էր, որ չի պատրաստվում Հայաստանին արտահանձնել Մարտի 1-ի գործով հետախուզվող Միքայել Հարությունյանին, ով ՌԴ քաղաքացի է հանդիսանում: Կհաջողվի՞ Փաշինյանին այս հարցը ընդգրկել Պուտինի հետ գալիք հանդիպման օրակարգում, թե՞ Մոսկվան առաջ է տանելու իր սեփական օրակարգը, ենթադրելով, որ Հայաստանը վերջին իրադարձությունների համատեքստում, այսպես թե այնպես, պարտք է Մոսկվային…