«Չեմ կարծում, թե կգտնվի մի մարդ, որը կմտածի, որ Պավել Մանուկյանը չէր ուզում, որ իր ընկերները դուրս գան բանտից։ Ես բացառում եմ»։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը։

Հարցին՝ կա՞ն հակասություններ իր և «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանի միջև՝ Ավետիսյանը պատասխանեց․

 

«Պարոն Մանուկյանը հիմա բանտում է, և ես բարոյական իրավունք չունեմ ներկայացնելու այնպիսի մեկնաբանություններ և բացատրություններ, որոնք կենթադրեն պարոն Մանուկյանի կողմից պատասխան։ Երբ նա բանտից դուրս գա, այդ ժամանակ կարիք լինելու դեպքում ես իմ տեսակետները կասեմ․ հիմա ես ճշմարտությունով եմ սահմանափակվում՝ ես պարոն Չուգասզյանին չեմ զանգել։ Չեղած բանը չեն քննարկում»,-ասաց Վարուժան Ավետիսյանը։ 

Անդրադառնալով «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանի հայտարարությանը՝ Ավետիսյանը նշեց․

«Գործընթացի հետ կապված, միգուցե, մարտավարական ուրիշ մոտեցումներ ունի մեր ընկերը․ ըստ այդմ․ մտածել է, որ այդպես ճիշտ է վարվել․ ես Պավել Մանուկյանի հետ դա չեմ քննարկել։ Պավել Մանուկյանը շուտով կլինի ազատության մեջ, և նա կպատասխանի ինչու է այդպես ասել»։

 

Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանն ասել էր․ «Ես մի հայտարարություն պիտի անեմ, որ «Սասնա Ծռերի» իմ ընկերները, իմ «Սասնա ծուռ» ախպրտինքը պետք է շատ զգույշ լինեն, քանզի Հիմնադիր խորհրդարանի համակարգող խորհուրդը պետք է նախ մի հատ հաշվետվություն տա Գարեգին Չուգասզյանի կատարած գործողությունների մասին։ Ինչպե՞ս եղավ, որ նա, երբ մենք ՊՊԾ գնդում էինք, Վարուժան Ավետիսյանը նրան զանգեց, նա պատասխանեց, որ հաջողության դեպքում ես կամ, իսկ անհաջողության դեպքում իմ անունը մոռացեք։ Ինչպե՞ս եղավ, որ նա թաքնվեց եւ ապրիլի 24-ին հայտնվեց, կամ երբ որ Արարատ Միրզոյանի եւ Լենա Նազարյանի՝ գիշերով ստորագրությամբ բաց թողնվեց եւ հայտնվեց դատարանի դիմաց՝ «Սասնա ծռերի» աջակիցների եւ հարազատների առաջ, եւ համարեց քաղաքական սաբոտաժ ժողովրդի արդար ցասումը՝ «Սասնա ծռերին» բաց թողնելու կապակցությամբ։ Կամ՝ ինչպե՞ս եղավ, որ նա հայտնվեց Մատենադարանի մոտ, էդ հայտնությունն իրոք հարությո՞ւնն էր Գարեգինի, թե՞ իրոք նա հարյավ ի մեռելոց, չնայած հոգեւոր ու պետական բարձրաստիճան այրերը գնացին եւ տեղում օրհնեցին էդ հարությունը։ Ինչպե՞ս։ Այսինքն՝ սա ես համարում եմ քաղաքական անեքսիա կամ, իմ որակմամբ՝ քաղաքական բուտիլիզմ»,-հայտարարել էր Պավլիկ Մանուկյանը: