Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, լրագրողների հետ զրույցում խոսել էր հարկերի հավաքագրման մասին և անդրադառնալով մշակույթի ոլորտին՝ նշել, որ երգիչ-երգչուհիները, որոնք նաև հայրենասիրական երգեր են երգում, տասնամյակներ շարունակ չեն ներկայացրել հարկային հայտարարագրեր:
«Բոլորս էլ գիտենք, որ մեր երգիչ-երգչուհիները, օրինակ, հարսանիքներում երեք երգի դիմաց որոշակի գումար են պահանջում, որի համար նրանք պետք է հարկային հայտարարագիր ներկայացնեն եւ հարկեր վճարեն: Օրենքով կա այդպիսի պարտադիր պայման վերջին 25 տարիների ընթացքում»,- ասաց Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ մինչեւ սեպտեմբերի վերջ դեռ ժամանակ կա, եւ կարող է շատերը ներկայացնեն նման հայտարարագրեր:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը սրա վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար զրուցեց երգչուհի Ջուսի հետ, ում կարծիքով, Հայաստանում օրենքը չի գործի. «Շատ ծիծաղելի է. ինչի՞, մենք Հայաստանում շոու-բիզնես ունե՞նք, որ մի հատ էլ հարկ վճարենք։ Ի՞նչ գումարներ ենք ստանում հարսանիքների ժամանակ, որ հարկ էլ վճարենք։ Կան երգիչ-երգչուհիներ, որոնք, օրինակ, չորս երգ երգելու համար 30․000 դրամ են վաստակում։ Մենք ո՛չ Եվրոպա ենք, ո՛չ Ռուսաստան, ո՛չ էլ ԱՄՆ։ Եթե երգիչները բարձր վարձատրվեին՝ նման մոտեցումը հասկանալի կլիներ։ Մեր ասպարեզում ամեն բան անօրինական է։ Եթե այդպես մտածենք, ապա թող հարսանիք անողներն էլ հարկ վճարեն կամ հայտնիների հետ հարցազրույց իրականացնող հեռուստաընկերությունները։ Դրա փոխարեն թող պայքարեն մշակույթը բարձրացնելու ուղղությամբ, թող մաքրեն երաժշտական դաշտը թուրքական կլկլոցներից։ Այստեղ միջոցառումների մեծ մասը ընկերական են և դրա համար ցածր են վարձատրվում, իսկ այդ օրենքը ծիծաղելի է և չգործող»,- նշեց Ջուսը։
Երգիչ Վարդան Սարգսյանն էլ զարմացավ՝ նշելով, որ առաջին անգամ է լսում այդ մասին և ընդգծեց. «Չեմ պատկերացնում, թե ինչպես է դա իրականացվելու: Ինձ համար ծիծաղելի է, քանի որ կատարողը հրավիրող կողմին կարող է խնդրել, ենթադրենք թղթի վրա գրել 50 000 դրամ, և հետևաբար դրան համարժեք հարկ վճարել: Մեր կատարողները հիմնականում երկրից դուրս են աշխատում, քանի որ մեր երկրում համերգներ, միջոցառումներ գրեթե չեն լինում, իսկ նրանք մեծ գումարներ են ծախսում երգեր գրելու, տեսահոլովակ նկարահանելու համար: Ռուս մեգաաստղերի հետ շփվելիս՝ իմացա, թե ինչ հոնորարներ են ստանում նրանք և հասկացա, թե որքան մեղք ենք մենք: Եթե օրենք լինի, իհարկե, պարտավոր ենք հետևել, բայց մեր երկրում պետք է նախ այնպես այնել, որ երկրի վիճակն այնքան լավ լինի, որ հաճախ լինեն համերգներ համերգասրահներում, որպեսզի երգիչ-երգչուհիները սիրով երգեն և չեն երգի ռեստորաններում: Եվ այդ դեպքում գումար աշխատելով՝ չեն դժգոհի հարկ վճարելուց»,- նշեց երգիչը:
Երգչուհի Սոնա Շահգելդյանն էլ նշեց, որ բոլորի կարծիքը գնահատում և հարգում է, պարզապես գտնում է, որ Հայաստանում շոու բիզնեսը մեծ չէ, որ հարկեր վճարեն.
«Ես տեղյակ չեմ եղել դրա մասին, բայց եթե բոլորը վճարեն, բնականաբար, ես էլ կմասնակցեմ այդ ամենին, քանի որ օրենքը բոլորիս համար է և կողմ եմ օրենքին: Պարզապես, պետք է օրենքի կարգավորում լինի. կարծում եմ՝ կազմակերպիչները, ովքեր կանչում են երգիչ-երգչուհիներին կամ այն հաստատությունը, որտեղ երգում է տվյալ երգիչը, նրանք պետք է հարկ վճարեն: Բայց դեմ եմ, որ անհատ կատարողները հարկ վճարելու պարտավորություն ունենան»,- ասաց Սոնա Շահգելյանը:
Սոնա Հարությունյան