Երեկ համացանցում հայտնած այն ձայնագրությունը, որում ԱԱԾ տնօրենի ձայնով մեկը խոսում էր ՀՔԾ պետի ձայնով մյուսի հետ, հանրության զգալի մասին շոկի ենթարկեց։ Ձայնագրության՝ համացանցում  տարածվելուց հետո անմիջապես արձագանքեց վարչապետ Փաշինյանը՝ կրկին հնչեցնելով հայտնի խոսքերը․ «Մեղավորները պետք է պատժվեն»։ Այնուհետև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հանդես եկան մամուլի ասուլիսով՝ հնարավորինս փորձելով շտկել իրավիճակը։

Թե որքանով նրանք հաջողեցին, դա հարցի մի կողմն է: Ամենաքննարկվող թեմաներից մեկն այն է, թե ինչպես կարող է ԱԱԾ տնօրենը միջամտել դատարանի որոշումներին․ «Ասեց՝ հանգամանքներին ծանոթանամ, զանգեմ զեկուցեմ, ասի՝ նայի, բայց կալանքը՝ ուզես-չուզես՝ պտի տաս»։

Այս  թեմայով ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցեց փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ, ով նշեց, որ դժվար է միանգամից ասել, թե այդ ձայնագրություններում բառ առ բառ ներկայացված է վերջիններիս խոսակցությունը և ճիշտ չի լինի ասել, թե զրույցը հենց այդպես էլ եղել է։

«Չեմ կարող պնդել, որ Վանեցյանն այսպես է ասել, Սասունն՝ այսպես։ Կարող եմ հետևյալն ասել՝ Ուզում է լինի ԱԱԾ տնօրեն, ՀՔԾ պետ կամ նույնիսկ վարչապետ, եթե դատավորին կարող են զանգել ու ասել՝ ուզես-չուզես՝ պիտի դատես, և դա եղել է ոչ թե քննարկում, այլ հստակ ցուցում, որի դեմ դատավորը ոչինչ չի կարող անել, ապա դա հանցագործություն է՝ կոչվում է արդարադատությանը միջամտել»,-ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը և հավելեց, որ կա մյուս վարկածը ևս, որ եթե դա եղած լինի զուտ քննարկում, և դատավորն էլ պնդեր, թե կանի այն, ինչ ինքն է ուզում, ապա այս մասով չկա հանցագործություն։

Ըստ մեր զրուցակցի՝ այդ զրույցը վայել չէր նման կարգավիճակում գտնվող անձանց, բայց, միևնույն ժամանակ, դա նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հիմք չի հանդիսանում․ «Քանի որ այդտեղ, հնարավոր է՝ ամեն ինչ ճիշտ չեն ասում և հնարավոր է՝ մի քիչ էլ ծաղկացնում և գլուխ են գովում, երկու ընկեր խոսում են, մի երկու բան էլ գուցե ավել են ասում»։

«Որպես ՀՀ քաղաքացի, կարծում եմ, որ երկուսն էլ պետք է հրաժարական տային և պարտադիր չէր, որ վարչապետն ընդուներ այդ հրաժարականը, դա ճիշտ քայլ կլիներ, որովհետև երկուսն էլ բնակչության աչքերոմ նման բարձր գիծ զբաղեցնող մարդիկ են և չպետք է նման արտահայտություններ իրենց թույլ տային»,-ընդգծեց Տիգրան Աթանեսյանը։

Իսկ մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած այն բաց հայտարարությունները՝ մարտի ամսին Տիգրան Աբգարյանի սպանության և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով՝ մեր զրուցակիցը շատ պատասխանատու քայլ է համարում, քանի որ «նրանք իրենց գլուխը քարի տակ դրեցին» և հանրությունը սպասում է դրանց՝ ապացուցված վիճակում ներկայացմանը։

«Իրավական առումով, թող սա ազդակ լինի դատավորներին, որ չզանգեն ոչ մի տեղ և գործեն իրենց խղճով ու օրենքով, իսկ բարոյական առումով՝ սա դաս էր մյուս պաշտոնյաներինոր թեկուզ մասնավոր զրույցներում՝ լինեն զգոն և կոռեկտ, քանի որ մի ամբողջ ազգաբնակչության դեմքն են ներկայացնում»,-հավելեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Ձայնագրությունն ամբողջությամբ՝ ստորև․

Արմինե Միքայելան