ՀՀ վարչապետ, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը դաշինքի նախընտրական հավաքի ժամանակ, որը տեղի ունեցավ Շենգավիթ վարչական համայնքում, կոչ արեց քվեարկել դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի օգտին:
Նախընտրական հավաքի ժամանակ վարչապետն իր ելույթում նշեց, որ ուզում են ստեղծել այնպիսի կառավորություն, որը ոչ թե հաց կտա ժողովրդին, այլ հնարավորություն կստեղծի վաստակել այն: «Մենք ուզում ենք ունենալ այնպիսի կառավարություն, որը ուղիղ կնայի ժողովդրի աչքերի մեջ: Հայաստանում օլիգարխներ չկան, որովհետև օլիգարխ նշանակում է քչերի իշխանություն, իսկ Հայաստանում իշխանությունը ժողովրդին է պատկանում: Հայաստնում չկա ավելի բարձր կոչում, քան Հայաստանի հպարտ քաղաքացի կոչումը»,- հայտարարեց վարչապետը:
Նա գործարարներին կոչ արեց ծառայել երկրին, հարստանալ ու հարստացնել, բայց իրենց հարստությամբ ուրիշներին չնվաստացնեն, այլ հակառակը՝ ավելի հպարտացնեն:
«Գործարարները և գործարարությունը չափազնաց կարևոր ինստիտուտներ են Հայաստանի համար: Այդ նույն մարդիկ իրենց օրինական հարկերը վճարելով, մյուս քաղաքացիների նկատմամբ հարգալից վերաբերմունք ցուցաբերելով, իրենց՝ բոլորի հետ հավասար քաղաքացի ընկալելով հսկայական հարգանքի կարժանան, որովհետև գործարարների խավը արդյունք ու աշխատատեղեր է ստեղծում երկրում»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա համոզմամբ՝ Հայաստանը մի տեղ է, որտեղ հնարավոր է գործել ու հարստանալ:
«Եվ ուրեմն, եղեք օրինապաշտ և այդ դեպքում մեր երեխաներն այլևս չեն ուզի նմանվել որևէ մականունավոր օլիգարխի, այդ երեխաները ցանկանալու են նմանվել Տիգրան Մանսուրյանին, Արմենակ Ուրֆանյանին, նրանց իդեալը լինելու է Կոմիտասն ու Թումանյանը, Մարտիրոս Սարյանն ու Մինաս Ավետիսյանը: Նրանց երազանքը լինելու է տիեզերքը, կրթությունն ու հզոր ապագան»,-նշեց նա։