Վարշավայում անցած շաբաթվա ընթացքում տեղի ունեցած ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ համաժողովում սուր քննադատության է ենթարկվել Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր իրավիճակը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
ԱՄՆ պատվիրակության ղեկավար Մայքլ Կոզակը համաժողովում ունեցած ելույթի ժամանակ նշել է, որ Ադրբեջանում շարունակվում են քաղաքական մոտիվներով ձերբակալություններն ու հետապնդումները:
«Քաղաքական մոտիվներով հետապնդումները շարունակում են Ադրբեջանի արդարադատության համակարգի անկախությունը կասկածի տակ դնելու հիմք հանդիսանալ: Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում ազատ արձակել հիմնարար ազատությունների իրացման համար ձերբակալված անձանց, ինչպես նաև հանել ընդդիմադիր գործիչներ Իլգար Մամեդովի, Ալի Քերիմլիի, Անար Մամեդլիի և լրագրող Խադիջա Իսմայիլովայի համար սահմանված երկիրը լքելու արգելքը»,-ասել է նա:
Մայքլ Կոզակը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել նաև մանրազնին հետաքննել ձերբակալության մեջ գտնվողների նկատմամբ իրականացված խոշտանգումների վերաբերյալ ստացված տեղեկությունների մանրամասները:
Կոզակը հիշեցրել է, որ հետաքննություն չի իրականացվել Մեհման Հուսեյնովի հայտարարությունից հետո, ըստ որի նա կալանավայրում ոստիկանների կողմից ծաղրանքի է ենթարկվել: Դրա փոխարեն Հուսեյնովը զրպարտության մեղադրանքով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:
ԶԼՄ-ների ազատությանը վերաբերող բաժնում զեկուցման ժամանակ Կոզակը նշել է նաև, որ Ադրբեջանում ԶԼՄ-ների ազատությունը սահմանափակված է:
«Ադրբեջանի իշխանությունները շարունակում են արգելափակել անկախ ԶԼՄ-ների կայքերը: Կայքերը փակվում են իշխանություններին քննադատող հոդվածներ տպագրելուց հետո»,-հավելել է ԱՄՆ պատվիրակության ղեկավարը:
Վարշավայում սեպտեմբերի 10-ից մեկնարկած ԵԱՀԿ մարդու իրավունքների, օրենքի գերակայության ու ժողովրդավարության վերաբերյալ տարեկան համաժողովին մասնակցել է նաև ադրբեջանցի իրավապաշտպան Էմին Հուսեյնովը: Մշտապես ալիևյան ռեժիմի քննադատությամբ աչքի ընկնող Հուսեյնովը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի հայկական համայնքի ներկայացուցիչներին, խորհրդակցություններ ունեցել հայկական հասարակական կազմակերպությունների հետ:
Հանդիպումներից հետո ադրբեջանցի իրավապաշտպանը հայերի հետ ճաշել է Վարշավայում գտնվող Golden Apricot ռեստորանում, որը հայերի սիրելի վայրն է:
Իրավապաշտպանի հայերի հետ ունեցած ընթրիքը զայրույթ է առաջացրել Ադրբեջանի իշխանական և հասարակական շրջանակներում, ինչն իր արտահայտությունն է գտել մամուլում: