Օրերս տեղեկություն էր շրջանառվում, որ Ամենայն Հայոց Կաթողիոկս Գարիեգին Բ-ն պատրաստվում է լքել աթոռը, սակայն երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում  վեհափառի հետ լուսանկար է հրապարակել և մեկնաբանել․

«Սա պատմական լուսանկար է: Ինչու՞: 
Որովհետեւ սա հայոց պատմության մեջ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Հայաստանի ղեկավարի առաջին սելֆին է: 
Վեհափառի հետ մեկնում ենք Նյու Յորք»:

 

Սա շատերի կողմից ընկալվեց՝ վերջին շրջանի լարված իրավիճակի ֆոնին՝ աջակցություն Կաթողիկոսին։ Այս գրառմանը հաջորդեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովի հայտարարությունը, որտեղ, մասնավորապես, նշվում է․

«Պետք է օրենքով արգելվի եկեղեցու տարածքում բողոքի ցույցերն ու պատարագների խոչընդոտումը: Վերջին շրջանում մեր եկեղեցու դեմ որոշ խմբերի կողմից սանձազերծված գործողությունները վտանգում են եկեղեցու սոցիալական և ազգային-հոգևոր բացառիկ կարգավիճակը և պարունակում եկեղեցու նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորելու ներուժ: Միևնույն ժամանակ, պետք է ընդգծել, որ ստեղծված իրավիճակին իշխանության հանձնառությունները գերազանցապես կրում են պասիվ բնույթ: Մինչդեռ իր հոգևոր և ազգային իրավասության շրջանակներում հայոց եկեղեցու բնականոն և անվտանգ գործունեության ապահովման հարցում պետության դերակատարման հարցը մնացել է բաց: Նման իրավիճակը պարարտ հող է ստեղծում եկեղեցու անվտանգության և հանրային կարգավիճակի համար` վկայակոչելով խոսքի, հավաքների և խղճի ազատության իրավունքները»: 

Նշենք, որ Կաթողիկոսի դեմ բողոքի ցույցեր սկսվելուց հետո Էդուրադ Շարմազանովը մտահոգություն էր հայտնել, որ որոշ մտահոգիչ հարցերին օրենսդրական կարգավորում տալու համար շուտով իր գործընկերների հետ հանդես կգան մի շարք օրենսդրական նախաձեռնություններով:

 

ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը, անդրադառնալով վարչապետի հրապարակած սելֆիին՝ նշեց, որ չի կարծում թե դա աջակցություն է։

Ըստ նրա՝ դա ունեցել է վարչապետի կողմից ենթատեքստ՝ ցույց տալու Կաթողիկոսի ցածր վարկանիշը։

«Հետևելով Նիկոլ Փաշինյանի հրապարակումներին՝ նախ տեսնում ենք, որ մարդիկ այս հրապարակումը երկու անգամ ավելի քիչ են կիսվել, քան նախորդ հրապարակումները։ Երկրորդը՝ ավելի քան 1000 բացասական մեկնաբանություն կա։ Մինչ օրս նա այդքան բացասական մեկնաբանություն իր էջում  չի ունեցել։ Այստեղ վարչապետի կողմից աջակցություն չի կարող լինել, հատկապես՝ 2008 թվականի հայտնի հոդվածով՝ այս Կաթողիկոսին ամենավերջին մեղադրանքներն է ներկայացնում և չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանն իր սկզբունքներին կհակասի»,- նշեց Պետրոսյանը։

Նրա կարծիքով՝ Կաթողիկոսը, լինելով հակահեղափոխական օջախներից մեկը, դարձել է քաղաքական հարաբերությունների կռվան, և ՀՀԿ-ն փորձում է դա օգտագործել։

«Որոշները Կաթողիկոսին ասոցացնում են եկեղեցու հետ, փորձում են Կաթողիկոսին շահարկել քաղաքական պրոցեսներիում։ Կաթողիկոսը պետք է հասկացողություն ունենա, որ հայ եկեղեցին չշահարկվի և հրաժարական տա»,-ասաց Պետրոսյանը և հավելեց, որ պատրաստվում են անժամկետ ցույցեր իրականացնել Մայր Աթոռում: