Սեպտեմբերի 19-20-ը Լատվիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) մի շարք հանդիպումներ է ունեցել Լատվիայի գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների ներկայացուցիչների հետ: ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Լատվիայի արտաքին գործերի նախարարությունում դեսպան Մկրտչյանը հանդիպել է ԱԳՆ պետքարտուղար Անդրիս Պելշի հետ:
Հանդիպման ընթացքում դեսպանը շնորհավորել է պարոն Պելշին այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ իր երախտագիտությունը հայտնելով ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ վավերացման գործընթացքում Լատվիայի ԱԳՆ ցուցաբերած աջակցության համար:
Անդրիս Պելշը, շնորհավորելով դեսպանին ՀՀ Անկախության 27-ամյակի կապակցությամբ, նշել է, որ իրենք շատ բարձր են գնահատում հենց սեպտեմբերի 21-ին Ռիգայում անկախության միջոցառում անցկանցելու գաղափարը, և խոստացել է ներդնել բոլոր հնարավոր ջանքերը երկու երկրների միջև հարաբերությունները խորացնելու և զարգացնելու համար:
Անդրադառնալով երկկողմ տնտեսական հարաբերությունների խթանման անհրաժեշտությանը՝ դեսպան Մկրտչյանը ընդգծել է 2019թ. առաջին կեսին հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի նիստն անցկացնելու անհրաժեշտությունը՝ հավելելով, որ ստորագրման ենթակա բոլոր պայմանագրերը և նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտված են: Այս համատեքստում անդրադարձ է եղել նաև «Էյր Բալթիկ» ավիաընկերության կողմից Ռիգա-Երևան կանոնավոր չվերթների վերաբացման անհրաժեշտությանը, ինչը կարող է երկու երկրների միջև առևտրաշրջանառության և զբոսաշրջության աճի համար աննախադեպ առաջընթացի հիմք դառնալ: Լատվիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարը խոստացել է ուշադրության կենտրոնում պահել քննարկված հարցրեը և աջակցել դրանց իրականացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային հետաքրքրություն ներկայացնող հարցեր, անդրադարձ է եղել երկու երկրներում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին:
Լատվիայի արտաքին գործերի նախարարությունում Տիգրան Մկրտչյանը հանդիպել է նաև ԱԳՆ երկկողմ հարաբերությունների վարչության պետ, դեսպան Իլգվարս Կլյավային: Հանդիպման ընթացքում Իլգվարս Կլյավան դեսպան Մկրտչյանին ներկայացրել է Լատվիայում հոկտեմբերի 6-ին կայանալիք պառլամենտական ընտրությունների նախապատրաստական ընթացքը և ուժերի դասավորությունը:
Տիգրան Մկրտչյանն իր հերթին անդրադարձ է կատարել Երևանի ավագանու ընտրություններին, նոր կառավարության կողմից իրականացվող փոփոխություններին: Կողմերը կարևորել են երկու գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման շարունակականութունը, քննարկվել առաջիկայում երկու երկրների մակարդակով բարձրաստիճան արցելությունների կազմակերպելու հնարավորությունը:
Լատվիայի արտքին գործերի նախարարությունում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ դեսպան Մկրտչյանը բարձրաձայնել է նաև վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքները՝ նշելով, որ հայ-ադրբեջանական պետական սահմանի մի շարք ուղղություններով պաշտոնական Բաքուն թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը և շինությունները, ինչի հետևանքով եղել են վիրավորվածներ և կորուստներ: Դեսպանն ընդգծել է ԼՂ հակամարտությանն անդրադառնալիս պաշտոնական հայտարարություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հաստատված և ՀՀ-ԵՄ փաստաթղթում ամրագրված ձևակերպումների կիրառման անհրաժեշտությունը:
Լատվիայի Սեյմում դեսպան Մկրտչյանը հանդիպում է ունեցել երկրի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Օյարս Կալնինչի հետ:
Օյարս Կալնինչը մանրամասներ է ներկայացրել առաջիկա խորհրդարանական ընտրություններից և անդրադարձել քարոզարշավի ընթացքին: Կողմերը երկուստեք շեշտել են խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը Հայաստանի և Լատվիայի միջև բազմաոլորտ հարաբերությունների խթանման տեսանկյունից, անդրադարձել են երկու երկրներում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին և տարածաշրջնայաին ու միջազգային հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: