Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագնի նվազեցման մասին խոսելը դեռ շուտ է, սակայն հարցը ներառված է երկկողմ հարաբերությունների օրակարգում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում տեղի ունեցած Երևան-Մոսկվա-Աստանա-Մինսկ տեսամիացման ընթացքում ասաց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը:

«Գազի ու էներգետիկայի խնդիրը հայ-ռուսական օրակարգի հիմնական հարցերից մեկն է։ Գազի հետ կապված հարցերը մշտապես մեր երկկողմ քննարկման տիրույթում են։ Այսօր դեռ շուտ է խոսել գների նվազեցման մասին։ Եթե լինեն փոփոխություններ, մեր հասարակությունն, իհարկե, կիմանա այդ մասին»,- ասաց նա:

Տեսամիացման ժամանակ մինսկցի լրագրողները Գասպարյանից հետաքրքրվեցին' արդյոք Հայաստանի Հանրապետությունը քայլեր կձեռնարկի՞, որպեսզի «Զվարթնոց» օդանավակայանն նվազեցնի օտարերկրյա փոխադրողների համար սահմանված սակագները:

«Զվարթնոց» օդանավակայանը մասնավոր է, բայց մենք քննարկում ենք գնային քաղաքականության հարցը Քաղավիացիայի պետական կոմիտեի հետ ու փորձում լուծել այն: Հուսով եմ, կարճ ժամանակում կկարողանանք այդ խնդիրը լուծել, որովհետև նաև հետաքրքրված ենք Հայաստանում զբոսաշրջության զարգացմամբ, որի շահերը համընկնում են գների իջեցման հետ»,- նշեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը:

Բելառուս լրագրողներին հետաքրքրեց նաև այն հարցը, թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է իրենց աջակցել Մեղրիի տարածքով Իրանի հետ համագործակցության հարցում:

«Եթե մեր բելառուս գործընկերները ցանկանում են առևտրաշրջանառություն սկսել Իրանի հետ, մենք պատրաստ ենք եռակողմ քննարկել այդ հարցերը: Իրանը մեր հարևանն է, որի հետ ընկերական հարաբերություններ ունենք, և այդ հարցում խնդիր չենք տեսնում»,- ասաց Գասպարյանը:

Վարչապետի գլխավոր խորհրդականը նշեց, որ Հայաստանը նաև Ղազախստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցության մեծ հեռանկար ունի, որն էլ պետք է օգտագործել: