ՀՀ տարբեր մարզերում արդեն տևական ժամանակ է՝ գյուղացիները բողոքի ակցիաներ են կազմակերպում և պահանջում համայնքապետերի հրաժարականը։ Այս անգամ բողոքի ակցիայի ալիքը հասել է Կոտայքի մարզի Արամուս գյուղ։

Բնակիչները տևական ժամանակ փակել են Մայակովսկի գյուղից Արամուս տանող ճանապարհը և պահանջում են 16 տարվա գյուղապետ Հրայր Նիկողոսյանի հրաժարականը։

 

ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում Արամուսի գյուղապետ Հ․ Նիկողոսյանը նշեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ, քանի որ իրեն ընտրել է ժողովուրդը, իսկ բողոքի ակցիայի մասնակիցները ընդամենը 30 հոգի են։

«Մի խումբ մարդիկ են հավաքվել՝ իրենց հարազատներով, բողոքում են, ասում են մանկապարտեզ չես կառուցում, բայց այն, ինչը համայնքի բյուջեի հնարավորությունների սահմաններում է՝ ես կատարում եմ և ցանկություն ունեմ շարունակելու կատարել։ Հիմնականում առևտրականներն ու նրանց բարեկամներն են բողոքի ակցիա կազմակերպում. այդ խոսակցությունները սկսվեց, երբ գյուղացիներից մեկը որոշեց խանութ բացել, մրցակցության հարց կա։ Ես հանդիպել եմ նրանց հետ, ասել եմ, որ իրավունք չունեմ արգելելու խանութ բացել»,-ասաց Հ․ Նիկողոսյանը։

Նա նշեց, որ խնդրի կարգավորմանը միջամտել է Կոտայքի մարզպետի խորհրդականը և ճանապարհն արդեն բաց է։ 
Ժամը 15:00-ին պայմանավորվածություն կա մարզպետի հետ հանդիպման։

Հարցին՝ արդյո՞ք նա ըստ բնակիչների պահանջի՝ պատրաստվում է նոր ընտրության մասնակցել՝ գյուղապետը նշեց․

«Եթե վաղը կլինի ընտրություն՝ խնդրեմ, դնեմ՝ նորից դնեմ, ընտրվեմ, բայց դա չի նշանակում, որ այսօր հրաժարական պետք է տամ։ Ժողովուրդն իր ընտրությունը կատարել է։ Ընտրություններին 2000-ից ավել մարդ է մասնակցել»։