Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության նախկին պետ Արմեն Սողոյանը ազատ է արձակվել։ Տեղեկությունը ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց Արմեն Սողոյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

«Երեկ դատարանը գրավ կիրառելու որոշում է կայացրել։ 1 մլն դրամ գրավը վճարվել է և Արմեն Սողոյանը երեկվանից ազատության մեջ է»,-ասաց պաշտպանը և հավելեց, որ գործը քննվելու է մինչև վերջ։ 

 

Հիշեցնենք, որ Սողոյանն ազատազրկվել է 4-10 տարվա ազատազրկման՝ 20-40 հազար դրամ կաշառք վերցնելու և օրենքին համապատասխան հաշմանդամության խումբ որոշելու համար: 

2017 թվականի հոկտեմբերից Արմեն Սողոյանի դատավարությունը պարբերաբար հետաձգվել է: Նրա շահերի պաշտպան Հայկ Ալումյանը Առաջին ատյանի դատարան խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդություն է ներկայացրել և խնդրել է իրեն ներգրավել որոշում կայացնելու գործընթացին, քանի որ փաստարկներ է ունեցել ներկայացնելու, սակայն Առաջին ատյանի դատարանը մերժել է՝ ասելով, որ օրենքով նախատեսված չէ: Պաշտպանը Առաջին ատյանի որոշումը բողոքարկել է Վերաքննիչ, այնուհետև Վճռաբեկ ատյան՝ պնդելով, որ քրեական դատավարության 300-րդ հոդվածը հակասում է Սահմանադրությանը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածին՝ «Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք»։ Վճռաբեկ դատարանը  փաստաբանի բողոքը վարույթ է ընդունել, սակայն կասեցրել է դրա քննությունը և դիմել է ՍԴ-ի օգնությանը։ Հայկ Ալումյանն իր դատողությունները ներկայացրել է ՍԴ՝ պահանջելով դադարեցնել Վճռաբեկ դատարանի դիմումով վարույթը: 

 

Նշենք նաև, որ այս գործով Սոցապ նախարարության 13 աշխատակից ամբաստանյալ են, սակայն միայն Սողոյանի հանդեպ է որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը: