Գերմանիայի կառավարությունը պատրաստ է աջակցել ՀՀ-ում տարվող հակաքաղցկեղային ռազմավարությանը 2 հիմնական ուղղությամբ' կլինիկական եւ հանրային առողջապահության: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, սա ենթադրում է մասնագետների փոխայցեր, վերապատրաստումներ եւ փորձի փոխանակում: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերի հանդիպման ընթացքում քննարկվել են գործակցությանն առնչվող այս եւ այլ հարցեր:
Նախարար Թորոսյանն ընդգծել է հայկական կողմի հետաքրքրությունը գործակցության 3 հիմնական ուղղությամբ' հակաքաղցկեղային ծրագրերի իրականացում, հաստ աղու քաղցկեղի կանխարգելման սքրինինգային ծրագրի ներդրում եւ տեխնիկական աջակցություն փոխպատվաստման ոլորտում'այդպիսով թեթեւացնելով պետության բեռը դիալիզի տրամադրման առումով:
Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել նաեւ խորհրդատվությամբ օժանդակել, որպեսզի երկիրը, կարեւորելով իր խնդիրներն ու առաջնահերթությունները, սեփական օրակարգը մշակի ու ծրագրերն ունենա:
Հանդիպմանը մասնակցող պրոֆեսորներ Յուրգեն Շեֆերսն ու Հայեր Յորգն իրենց հերթին փոխանցել են սեփական դիտարկումները մասնագիտական փորձի փոխանակման, փոխայցերի կազմակերպման եւ առաջիկա կարեւոր քայլերի առումով:
Պայմանավորվածություն է ձեռք բերել նշված ուղղություններով գործակցության առավել առարկայական քայլերը քննարկվել առաջիկա հանդիպումների ընթացքում' հստակեցնելով դրանց հաջորդականությունն ու ժամկետերը: