Ինչպես երևանցիների այնպես էլ մեզ մոտ՝ սպասելիքներն այս ավագանիից՝ շատ են։ Կան բոլոր դրական պայմանները, որպեսզի մենք աշխատենք համգործակցող, փոխզիջող և արդյունավետ մթնոլորտում։ Այս մասին այսօր կայացած նորընտիր ավագանու անդրանիկ նիստից հետո  ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց «Լույս» դաշինքի ավագանու անդամ Անի Սամսոնյանը։ 

Խոսելով  մեծամասնության ձայնը ստացած ուժի հետ համագործակցության մասին՝ Սամսոնյանը նշեց, որ դեռ նախկին ավագանիում ԵԼՔ-ը եղել է համագործակցող ընդդիմություն։ Իսկ համագործակցությունն այս դեպքում կլինի, որովհետև «Իմ քայլը» դաշինքի կուսակցության՝ ՔՊ-ի հետ ավագանիում եղել են մի խմբակցություն։ 

 

«Մենք վստահ էինք նախորդ ավագանիում, որ երևանցու խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է համագործակցել իշխանության հետ։ Նույնը նաև հիմա է՝  մենք պետք է համագործակցենք մեծամասնություն ստացած ուժի հետ, որպեսզի կարողանանք լուծել Երևանի խնդիրները։ Ես կարծում եմ՝ մենք իրար շատ լավ ենք հասկանում։ Դեռ նախկինում մենք նախանշել ենք Երևանի զարգացման մեր տեսլականը, ուղղությունը», - նշեց Սամսոնյանը։

Ինչ վերաբերում է քաղաքապետարանի աշխատակզամում նախորդ իշխանությունից մնացած կադրերին, որոնք ընդունվել են աշխատանքի ծանոթ-բարեկամների միջոցով՝ նա նկատեց, որ նորընտիր քաղաքապետը կվերանայի քաղաքապետարանի աշխատակազմում աշխատանքը և եթե կա օպտիմալացման կարիք աշխատակազմում՝ նա կիրականացնի։ «Մենք այդ հարցը նախորդ ավագանիում հնչեցրել ենք և այսօր այդ հարցը կրկին արդիական է։ Պարոն Մարությանը առաջին իսկ իր օրվանից կսկսի այդ աշխատանքները»։

Սամսոնոյանը նաև նկատեց, որ առաջնային խնդիրը, որն ինքը պատրաստվում է բարձրացնել՝ աղբահանության խնդիրն է. «Երկրորդ օպերատորի ներգավումը շատ հրատապ է։ Օրակարգային երկրոդ խնդիրը հանրային տրանսպորտի խնդիրն է։ Կար խորհրդակցական մարմին՝ նա մեզ տվել է  ուսումնասիրություն, և մենք արդեն պետք է նորից վերսկսենք աշխատանքները, որպեսզի այդ ուսումնասիրությունը և հանրային տրանսպորտի նոր հայեցակարգը շատ արագ կյանքի կոչենք։ Ես համոզված եմ, որ Երևանի առաջին սպասելիքը՝ հանրային տրանսպորտն է»։

 

Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի «Լույս» դաշինքը առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններից և ԸՕ-ում փոփոխությունները՝ մասնավորապես, ԱԺ անցողիկի շեմի իջեցումը ինչքանով կնպաստի դաշինքի՝ խորհրդարան անցնելուն՝ Սամսոնյանը պատասխանեց․

«Մենք արդեն հայտարարել ենք, որ «Լույս» դաշինքը մասնակցելու է այս ընտրություններին, միայն թե, հնարավոր է՝ ձևաչափի փոփոխություն լինի, որովհետև մեր դաշինքը շատ ինտեգրող է և կարող են լինել քննարկումներ այլ քաղաքական ուժերի հետ։ Այս պահին մենք հայտ ենք ներկայացնում, որպեսզի լինենք երկրորդ ուժը խորհրդարանում, որովհետև մենք գտնում ենք, որ «Իմ քայլը» դաշինքին  անհրաժեշտ է  կառուցողական, հավասարակշռված ընդդիմություն, և մենք կլինենք այդ ընդդիմությունը։ Նրանք եղել են մեր գործընկերները, մենք գտնում ենք, որ նրանց հետ կարող ենք  շատ արդյունավետ համագործակցել։ Իսկ ԸՕ-ի՝ փոփոխությունը խթան է, որպեսզի հնարավորություն տա  քաղաքական ուժերին խորհրդարանում ավելի ներկայանալի լինել, ավելի ընդգրկուն դարձնելու խորհրդարանը և, իհարկե, ավելի բազմակարծիք խորհրդարան դարձնել, ինչը շատ կարևոր է խորհրդարանական Հայաստանի համար»։

Արմինե Արմենակյան