Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ,  ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Օգանեսյանին պայմանական վաղաժամ ազատելու որոշում է կայացրել։

Կարեն Օգանեսյանը ազատ է արձակվել անմիջապես նիստերի դահլիճից. նրա նկատմամբ դատարանը 10 տարի ժամկետով փորձաշրջան է սահմանել:

 

Սա Հայաստանում հազվադեպ երևույթ է, երբ ցմահ ազատազրկման դատապարտված անձին ազատ են արձակում։

ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեց Կարեն Օգանեսյանի պաշտպան Միհրան Պողոսյանի հետ։

-Պարո՛ն Պողոսյան, դատարանն ի՞նչ հիմքով է  պայմանական ազատ արձակման որոշում կայացրել Կարեն Օգանեսյանի նկատմամբ։

-Որոշումը դեռևս չեմ ստացել, թե ինչ հիմնավորումներով են ազատ արձակել, բայց մինչ այդ գոյություն ունեցող փաստական հանգամանքները վկայում են այն մասին, որ Կարեն Օգանեսյանին պետք էր ազատ արձակել, որովհետև ազատ չարձակելու որևէ հիմք առկա չէր 23 տարվա պատիժը կրելու ընթացքում նրա դրսևորած վարքագծում։

-Նախկինում միջնորդություն ներկայացրե՞լ եք Կարեն Օգանեսյանի գործը վերանայելու կապակցությամբ

-Երկու անգամ  ժամկետի լրանալու կապակցությամբ Կարեն Օգանեսյանը ներկայացրել է՝ առաջին անգամ քրեակատարողական հիմնարկի համապատասխան հանձնաժողովին և մերժում է ստացել, և երկրորդ՝ անկախ  հանձնաժողովին և դարձյալ մերժում է ստացել։ Այդ որոշումները Կարեն Օգանեսյանն այն ժամանակ չէր բողոքարկել դատական կարգով, այսինքն՝ դատական քննության առաջին անգամ է ենթարկվել պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հիմունքով։

 

-Կարեն Օգանեսյանը ի՞նչ արտոնություններից կարող է օգտվել, կկարողանա՞ աշխատել

-Կարեն Օգանեսյանը պատրաստ է հասարակության լիիրավ անդամ դառնալ։ Նա նաև աշխատանքի առաջարկ ունի, բայց ոչ պետության կողմից տրամադրված՝ մասնավոր կազմակերպությունում, որը դատարանին ներկայացրինք։ Սակայն նա մինչ այդ էլ քրեակատորղական հիմնարկում՝ պատիժ կրելու ընթացքում, աշխատել է. երկու տարուց ավելի՝ թարգամանիչ է եղել, մասնագիտություն ունի։ Պատիժ կրելու ընթացքում այլ՝ մասնավոր ընկերության համար որպես թարգամանիչ է աշխատել։ Կարեն Օգանեսյանը ունի մի քանի մասնագիտություններ և ըստ նպատակահարմարության՝ կկողմնորոշվի՝ ինչ աշխատանքով զբաղվել, ամեն դեպքում՝ նա կարող է աշխատել։

Հիշեցնենք, որ Կարեն Օգանեսյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել ԱՄՆ-ում՝ 22 տարեկանում, հանդիսացել է Հայաստանի քաղաքացի: Նա մեղավոր է ճանաչվել երկու անձի սպանության մեջ: 1996-ից մինչև 2009-ի հոկտեմբերը նա պատիժը կրել է ԱՄՆ-ում, իսկ 2009 թվականին տեղափոխվել Հայաստան: Այստեղ նրա արարքը համապատասխանեցվել է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասին, սակայն պատիժը թողնվել էր նույնը՝ ցմահ ազատազրկում: