Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում հոկտեմբերի 22-ի առավոտյան տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել եւ հաստատվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության դիրքորոշումը Կառավարության կողմից Ազգային Ժողով ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ: Ինչպես տեղեկացրին կուսակցությունից, պաշտոնապես դիրքորոշումը կհրապարակվի ԱԺ արտահերթ նիստին։
ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 16-ի նիստում հավանություն էր տվել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին: Այնուհետև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը փաթեթի վերաբերյալ քննարկումները շարունակել են ԱԺ խմբակցությունների հետ, լսել նրանց առաջարկները: ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ին հավանություն էր տվել Ընտրական օրենսգրքում և հարակից նախագծերի փաթեթում փոփոխությունների նախագծին: Դրանից հետո Վենետիկի հանձնաժողովը ևս հայտարարություն էր ընդունել ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծերի վերաբերյալ: Դրանում մասնավորապես նշվել էր, որ առաջարկվող փոփոխությունները լեգիտիմ նպատակներ են հետապնդում և հիմնականում դրական են:
Ընտրական օրենսգրքի առաջարկվող բարեփոխումներով ռեյտինգային ընտրակարգից անցում է կատարվում համամասնական ընտրակարգի, խորհրդարանի անցողիկ շեմը նվազեցվում է մեկ տոկոսով, կրճատվում է ընտրական գրավը: Ընտրությունների արդյունքում խորհրդարան կանցնեն չորս քաղաքական ուժեր: