Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում հաղթել է ներկայիս համայնքապետ Կարո Գևորգյանը, որը համայնքը ղեկավարում է 2003 թվականից։ Ըստ տարածված տեղեկությունների՝ նա Հանրապետական կուսակցության անդամ է։
Նշենք, որ դեռևս մի քանի ամիս` առաջ Ներքին Գետաշեն համայնքի բնակիչները փակել էին Մարտունի-Երևան ավտոճանապարհը, բողոքի ակցիա էին իրակացնում ոռոգման ջրի խնդիրը լուծելու համար, ինչպես նաև պահանջում էին համայքնապետի հրաժարականը։
ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեց Կարո Գևորգյանի հետ, պարզելու՝ ինչպե՞ս ստացվեց, որ ինքը վերընտրվեց։
Գևորգյանը նշեց՝ նոր նախկինում կազմակերպած բողոքի ցույցերը իր դեմ չեն ուղղված եղել․ «Եղել են մարդիկ, որոնք փորձում էին անձնավորել, բայց դա իրենց մոտ չի ստացվել։ Ժողովուրրդը տվեց իր քվեն ինձ, որովհետև վստահում է»։
Դիտարկմանը, որ կան խոսակցություններ, թե ինքը ՀՀԿ անդամ է՝ Գևորգյանը պատասխանեց
«Ես անկուսակցական եմ, ուղղակի այնպիսի տրամադրվածություն է ժողովրդի մեջ, որ ով նախկինում աշխատել է ՀՀԿ-ի հետ, ուրեմն ՀՀԿ-ական է։ Ես ՀՀԿ անդամ չեմ, նախկինում էլ չգիտեմ եղել եմ, թե՝ ոչ, ՀՀԿ-ից հարցրեք։ Ես համագործակցել եմ ՀՀԿ-ի հետ, որովհետև ՀՀ իշխանությունը, ժողովրդի իշխանությունը ՀՀԿ-ն է եղել»,-ասաց Գևորգյանը և հավելեց, որ համագործակցել է ի շահ ժողովրդի։
Հարցին՝ արդյո՞ք այժմ պատրաստվում է նույն կերպ համագործակցել նոր իշխանության հետ՝ համայանքապետը նշեց․ «Այո՛, այժմ նույնպես պատրաստ եմ համագործակցել ներկա իշխանության հետ։ Իշխանությունը մեր ժողովրդինն է, իրհարկե, մենք նոր իշխանության հետ պետք է աշխատենք, գյուղի շահը ինչ պահանջեց՝ դա պետք է անենք»։
Արմինե Արմենակյան