ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նախորդ շաբաթ հրատապ առաքելությամբ մեկնեց Սաուդյան Արաբիա և Թուրքիա՝ պարզելու Washington Post թերթի թղթակից, արմատներով թուրք սաուդցի լրագրող Ջամալ Խաշոկջիի անհետացումը: Լրագրողը, ով հայտնի էր Սաուդյան Արաբիայի իշխանությունների դեմ քննադատությամբ, հոկտեմբերի 2-ին անհետացել էր Ստամբուլում թագավորության հյուպատոսություն մտնելուց հետո: Տեսախցիկների արձանագրությունները վերծանելուց հետո պարզվել էր, որ լրագրողը հյուպատոսարանից դուրս չի եկել, իսկ թուրք բարձրաստիճան անանուն պաշտոնյաներն ավելի ուշ հայտարարել էին, որ Խաշոկջին դաժանաբար սպանվել է Սաուդյան Արաբիայից ժամանած 15 հատուկ ծառայողների կողմից, որոնք, ըստ New York Times կայքի, կապված են սաուդյան գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի հետ: Կասկածյալներից մեկը՝ Մաշալ Սաադ Ալ-Բոստանին, հայրենիք վերադառնալուց հետո մահացել է Էր-Ռիադում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով: Հոկտեմբերի 19-ին Սաուդյան Արաբիան պաշտոնապես ընդունեց, որ լրագրողը մահացել է հյուպատոսությունում տեղի ունեցած քաշքշուկի պատճառով, սակայն ըստ սաուդցի բարձրաստիճան պաշտոնյայի՝ Խաշոկջիին պարզապես խեղդել են:
Խաշոկջիի սպանությունը լարված է պահում ԱՄՆ-Սաուդյան Արաբիա հարաբերությունները, որոնք, ինչպես Պոմպեոյի հանդիպման ժամանակ բնութագրել էր արքայազն Մուհամմեդ բին Սալմանը, «շատ ամուր են և հին»: Չնայած Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցներից է Մերձավոր Արևելքում՝ հատկապես Իրանի դեմ վարվող քաղաքականության ոլորտում, երկու երկրները փոխադարձ տնտեսական շահեր ունեն առևտրի, սպառազինության և էներգակիրների վաճառքի բնագավառում, այդուհանդերձ ամերիկացի օրենսդիրները կոշտ դիրքորոշում են որդեգրել՝ Թրամփին կոչ անելով պատժամիջոցներ կիրառել թագավորության դեմ: Ըստ ԱՄՆ նախագահի՝ թեև պատժամիջոցները հնարավոր տարբերակ են, բայց զենքի մատակարարման դադարեցումը ավելի շատ կվնասի ԱՄՆ-ին, քան թագավորությանը:
Խաշոկջիի գործը բացահայտելու փաստով շահագրգիռ էր նաև Թուրքիան: Թուրքական լրատվամիջոցների ձեռքում հայտնված ձայնագրություններից, որոնք, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Խաշոկջին արել էր Apple ժամացույցի միջոցով, պարզ էր դարձել, որ լրագրողը դաժանաբար սպանվել է, նրա մարմինը՝ մասնատվել: Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը խոստացել է լրագրողի սպանության շուրջ բացահայտումներ անել հոկտեմբերի 23-ին Միլլի մեջլիսում (խորհրդարանում):
Washington Post-ի լրագրողի սպանությունը բացասական հետևանքներ է թողել թագավորության հեղինակության վրա. հոկտեմբերի 23-25-ը Էր-Ռիադում կայանալիք Future Investment Initiative համաժողովին մասնակցելուց հրաժարվել են ԱՄՀ-ի ղեկավար Քրիստին Լագարդը, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Նիդերլանդների ֆինանսների նախարարները, Մեծ Բրիտանիայի միջազգային առևտրի նախարարը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հեղինակավոր մի շարք կազմակերպություններ, բանկեր և լրատվամիջոցներ: Եվրոպացի և ամերիկացի ներդրողներն իրենց միջոցները դուրս են հանել Սաուդյան Արաբիայի ֆոնդային շուկայից, իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ կկասեցնի զենքի մատակարարումը Սաուդյան Արաբիային, մինչև չպարզվի Խաշոկջիի սպանության մանրամասները: Սաուդյան Արաբիայից պաշտոնական ու մանրամասն բացատրություն են պահանջում նաև Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Կանադան:
Հարկ է նշել, որ Խաշոկջին Սաուդյան Արաբիայից հեռացել է 2017թ, երբ թագավորությունում ձերբակալեցին նրա մերձավորներին: Լրագրողը վերջին տարիներին բազմիցս քննադատել էր Սաուդյան Արաբիայի թագավորին և հատկապես գահաժառանգ Մուհամեդ բին Սալմանին՝ պայմանավորված Սաուդյան Արաբիայի կողմից Կանադայի և Կատարի նկատմամբ վարվող քաղաքականությամբ, Եմենի պատերազմով և այլն: Նա իր լրագրողական կարիերայի սկզբում մոտ էր «Ալ-Կաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ուսամա բեն Լադենի հետ: