Տեղեկություններ տարածվեցին այսօր, որ Կապանի հաղթած քաղաքապետ Գևորգ Փարսյանին առաջարկել անդամագրվել ՔՊ-ին: Սակայն Փարսյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հերքեց այդ լուրը, միևնույն ժամանակ, չբացառելով ակտիվ համագործակծությունը վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի թիմի հետ:
«Ինձ ո՛չ ՔՊ-ն, և ոչ էլ այլ կուսակցություն դեռ չի առաջարկել անդամագրվել իրենց մոտ, ոչ էլ խոսակցություն է եղել այդ թեմայով»,- նշեց Գևորգ Փարսյանը:
Մեր այն դիտարկմանը, թե հնարավո"ր է՝ առաջիկայում անդամագրմի ՔՊ-ին, Կապանի նորընտիր քաղաքապետը բացառեց. «Համագործակցելը կհամագործակցեմ, բայց չեմ անդամագրվի: Իսկ ինչ վերաբերում է «Իմ Քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նարեկ Բաբայանի հետ հարաբերություններին, կարող եմ ասել, որ նորմալ շփման մեջ եմ, ծանոթ ենք մենք պարզապես»:
Գևորգ Փարսյանը հերքեց նաև այն տեղեկությունները, թե Կապանում հաղթանակ է տարել իր հարազատների՝ նախկին իշխանության հետ ունեցած կապերի շնորհիվ:
«Կապանն այնքան էլ մեծ քաղաք չէ և այստեղ բոլորը բոլորին շատ լավ ճանաչում են: Ես առաջին անգամ եմ լսում նման բան: Այստեղ կարող են լինել ընկերներ և՛ ՀՀԿ-ից, և՛ ՔՊ-ից, և՛ ՀՅԴ-ից, և՛ ԲՀԿ-ից, ամեն տեղից ու դա նորմալ է: Դա չի նշանակում քաղաքական համագործակցություն, դա ընկերություն է: Ես երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել ու սա իմ առաջին քայլն է: Այնպես որ՝ որևէ համագործակցության մասին խոսելն ավելորդ է»,-մանրամասնեց Գևորգ Փարսյանը:
Արմինե Միքայելյան