«Իմ ունեցած տեղեկություններով՝ ՀՀԿ-ն իր նախկին գործընկերների հետ աշխատել է, որ չգան քվեարկության»,-այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու հոկտեմբերի 22-ին չընդունվեց Ընտրական օրենսգիրքը:
Հարցին՝ եթե ԸՕ-ն չփոխվի, ապա չի՞ ստացվի, որ շեղվում է կառավարությունն իր ծրագրից, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Կառավարության ծրագիրն իրագործելու համար օրենք պետք է փոխել, իսկ կառավարությունն օրենք փոխելու լիազորություն չունի: Կառավարությունն իրենից կախված ամեն ինչ արել է, օրենքի նախագիծը մշակել է, գնացել Վենետիկի հանձնաժողովից համաձայնությունը ստացել է, եւ հիմա գնդակը խորհրդարանի դաշտում է»։
Խոսելով ՔՊ-ի նախընտրական ցուցակի մասին՝ Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ Շիրակ Թորոսյանը կլինի իրենց ցուցակում, իսկ Գևորգ Կոստանյանի տարբերակը բացառեց: Նա նշեց, որ դաշինքով են գնալու, որպեսզի պահեն «Իմ Քայլը» դաշինքի անունը: «Այնպես մի ասեք, որ մեր ցուցակը բաղկացած է լինելու ՀՀԿ-ից: Հանրապետականներից կարող են մեր ցուցակում լինել մեկ, երկու, երեք դեպքեր»,- ասաց նա:
Փաշինյանը հավելեց, որ դաշինքում տարբեր տեղերից անհատներ կարող են լինել, բայց կուսակցական պայմանավորվածություններ չկան: