ՀՀԿ վերնախավը վերջնականապես որոշում է կայացրել մասնակցելու խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ հույս ունենալով, որ կարող է գոնե լինել երրորդ ուժը եւ ներկայացված լինել խորհրդարանում: Մոտավորապես հայտնի է նաեւ, թե ինչպիսի տեսք կունենա կուսակցության համամասնական ցուցակի առաջին հնգյակը: Ցուցակը կգլխավորի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, հաջորդում են Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը:
Կարելի է ենթադրել, որ ՀՀԿ-ն թևակոխում է ռեբրենդինգի նոր փուլ, որտեղ ՀՀԿ հին-նոր դեմքը լինելու է Վիգեն Սարգսյանը, ինչպես երկու տարի առաջ ՝ Կարեն Կարապետյանն էր: Սակայն այս անգամ ՀՀԿ-ն անշուշտ փոխելու է իր մարտավարությունը՝ հաշվի առնելով այն օբյեկտիվ իրողությունները որոնցում դեկտեմբերին գնալու են ընտրությունների: Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, կքաշվի մի կողմ և գործուն մասնակցություն չի ունենա նախընտրական գործընթացներին: Սա միևնույն ժամանակ չի նշանակում, որ Հանրապետականը պատրաստվում է ամբողջությամբ հետ կանգնել նախկինում իրեն բնորոշ քաղաքականությունից՝ այդ թվում՝ նաև ցուցակների կազմման հարցում: Նախկին իշխանություններն, ամենայն հավանականությամբ կդիմեն փոքրիկ խորամանկության՝ նույն Մալաթիա-Սեբասթիա վարչական շրջանում ռեյտինգային ընտրակարգով կարող է առաջադրվել Սամվել Ալեքսանյանը, ով այս շրջանում ունի բավական մեծ ընտրազանգված: Սակայն օդիոզ դեմքերին ՀՀԿ-ն օգտագործելու է հիմնականում որպես ձայն բերող աղբյուր, իսկ ԱԺ նրանք ամենայն հավանականությամբ չեն մտնի՝ այն պարզ պատճառով, որ ՀՀԿ-ն ստիպված է լինելու մնալ մաքուր ընդդիմության իր ամպուլայում:
ՀՀԿ գլխավոր խաղաքարտը գալիք ընտրություններում լինելու է նաև մարզերի ընտրազանգվածը: Խնդիրը նրանում է, որ անգամ եթե մարզերում վարչական ռեսուրսներին տիրապետեն ՔՊ-ական մարզպետները՝ Նիկոլ Փաշինյանի համար անչափ դժվար է լինելու ՀՀԿ դեմն առնելը: Եվ ձայների ամենամեծ պաշարը ՀՀԿ-ն հավաքելու է հենց մարզերից, որտեղ վերջին շաբաթների ընթացքում էլ ավելի է լարվել սոցիալ-տնտեսական վիճակը՝ կապված թե՛ Ամուլսարի շուրջ, թե՛ Ալավերդիում ստեղծված իրավիճակի հետ:
Բացի այդ անչափ ուշագրավ է այն նպատակը որն այսօր սահմանել է ՀՀԿ-ն՝ Վիգեն Սարգսյանի շուրթերով, այն է՝ քվեների 20 տոկոսը, իսկ ավելի ճիշտ՝ երկրորդ տեղը ԱԺ-ում: Նման դիքավորումը արդեն իսկ ենթադրում է, որ ՀՀԿ գլխավոր ախոյանը լինելու է ոչ թե ՔՊ-ն, այլ ԲՀԿ-ն, որը երկրորդ տեղը գրավելու իրական շանսեր ունի:
Ինչպիսի ֆորմատով էլ լինի ՀՀԿ մասնակցությունը գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ակնհայտ է, որ հին Ընտրական օրենսգիրքը նախկին իշխանությունների ռեաբիլիտացիայի շանս է ընձեռել: Կօգտվեն այդ հնարավորությունից հանրապետականները, թե ոչ՝ բոլորովին այլ հարց է…
Ս. Խաչատրյան