Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերին, հին ընտրական օրենսգրքով՝ ռեյտինգային ընտրակարգով:

Հեղափոխությունից հետո ստեղծվեցին նոր կուսակցություններ, որոնց նպատակը արդեն «արդար» Հայաստանում ընտրություններին մասնակցելն էր, սակայն նրանց համար խորհրդարանում հայտնվելը առավել իրատեսական կարող էր լինել, եթե ԸՕ-ում փոփոխություններ լինեին և ռեյտինգայինից անցում կատարվեր համամասնական ընտրակարգի։ Նոր կուսակցությունների համար ԸՕ-ում փոփոխություններ չլինելը սառը ցնցուղ էր, քանզի նրանց շանսերն անհամեմատ նվազում են։

 

ԼՈՒՐԵՐ․com-ը նորաստեղծ կուսակցությունների՝ ընտրությունների նկատմամբ տրամադրվածության, ԸՕ-ում փոփոխություններ չլինելու վերաբերյալ իրենց դիրքորոշման և այլ հարցերի շուրջ զրուցեց կուսակցությունների ղեկավարների հետ։

Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության (ՀՔԴԿ)  նախագահ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ ԸՕ-ում փոփոխություններ չլինելը պետության վրա կարող է բացառիկ բացասական ազդեցություն ունենալ։

«Դա ռևանշի գոթոծողություն է։ Հանրապետականները Եվրոպա գնալիս ինչ-որ գիրք կարդացին՝ դա արեցին։ Իսկ իշխանությունը զգոնությունը կորցրեց։ Դա անթույլատրելի էր: Միանշանակ կարելի է ասել, որ այս հին օրենքը Հայաստանը վերադարձնում է «սերժյան ժամանակաշրջան»»,-ասաց Շիրինյանը։

Նրա կարծիքով, եթե անգամ ընտրակեղծումներ չլինեն կամ փող չբաժանեն, միևնույնն է՝ ռեյտինգային ընտրակարգի ժամանակ հարազատ-բարեկամական կապերն աշխատելու են։

«Սա հակապետական հեղաշրջում է, որն արեց ՀՀԿ-ն։ Հայաստանը վարադառնում է դեպի մռայլ անցյալ»,-ասաց Շիրինյանը։

Հարցին՝ ստեղծված իրավիճակում հնարավո՞ր է այլ դաշինքի հետ մասնակցությունն ընտրություններին կամ  ընդհանրապես չմասնակցելը, Շիրինյանը պատասխանեց․

 

«Նորաստեղծ կուսակցությունների համար ֆորսմաժորային իրավիճակներ են, նրանք ինչպե՞ս են կազմակերպվելու։ Նույն ֆորսմաժորային իրավիճակը առաջացել է նաև մեզ մոտ։ Հավանաբար, կմասնակցենք, բայց հնավորությունները նվազել են։ Խորհրդարանում, հավանական է՝ առաջանա այնպիսի իրավիճակ, երբ վարչապետը լծակներ չի ունենա, և/կամ կունենանք թույլ վարչապետ, որը քաղաքականություն չի կարողանա վարել․ նրանք դա հաշվել են»,- ասաց Շիրինյանը և հավելեց, որ ԱԺ-ն լեգիտիմ չէ, և դա նշանակում է՝ կա պահաջ  նոր օրենսգրքի կիրառելիության, որտեղ նորաստեղծ կուսակցությունները կարևոր տեղ կունենան։ 

«Այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Էդգար Առաքելյանը ևս կարծում է, որ ԸՕ-ում փոփոխություններ չլինելը վատագույն տարբերակն է, որը տեղի ունեցավ։

«Եթե նախկինում գործող քաղաքական ուժերը որոշակի ձևավորված այլ հնարվորություններ ունեին, ապա նորաստեղծ քաղաքական ուժերի համար՝ նման կարճ ճամանակահատվածում լրացնել բոլոր այդ ռեսուրսները՝ այս ընտրական համակարգով դժվար է լինելու»,-ասաց Առաքելյանը։

Սակայն դա նրան հուսահատության առիթ չի տալիս, չնայած, որ նոր ԸՕ-ն նորաստեղծ կուսակցությունների համար շատ ավելի լայն հնարավորություններ էր ստեղծում։

Ինչ վերաբերում է ընտրություններին դաշինքով մասնակցելուն՝ Առաքելյանն ասաց, որ շատ փակագծեր չի ցանկանում բացել, սակայն չբացառեց դաշինքով կամ այլ ձևաչափով մասնակցությունը։

«Սա մոտեցումների ճշգրտման փուլ է։ Այնուամենայնիվ, հակված ենք մասնակցելու»,- ասաց Առաքելյանը և հավելեց, որ ի սկզբանե իրենք պատրաստվել են ապրիլ-մայիսին անցկացվող ընտրություններին։

«Հայկական երազանք» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արմեն Մկրտչյանը ևս նկատեց, որ այս Ընտրական օրեսնգրքում փոփոխություններ չլինելը բացասական անդրադարձ ունեցավ նորաստեղծ կուսակցությունների վրա։

Մկրտչյանը նշեց, որ հետևում է հեղափոխության արժեքներին։

Այլ դաշինքով ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հարցին Մկրտչյանը պատասխանեց․

«Դեռ չենք քննարկում՝ ում կմիանանք: Պատրաստվում ենք: Կտեսնենք՝ դաշտում ինչ առաջարկներ կան, ինչ դաշինքներ կան»։

Արմինե Արմենակյան