Վերջին օրերին մամուլում պարբերաբար հայտնվում է տեղեկատվություն ՊԵԿ այս կամ այն պաշտոնյայի կալանավորման վերաբերյալ: Համընդհանուր տարածում ստացած կարծիքը, թե այս կառույցը իրենից ներկայացնում է կոռուպցիայի իրական որջ՝ կարծես թե հաստատվում է: Սակայն դեռևս բաց են մնում մի շարք հարցեր, մասնավորապես, կապված ՊԵԿ նախկին ղեկավարության պատասխանատվության չափաբաժնի հետ: Շատերի մոտ տրամաբանական հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ստացվում, որ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը այս ողջ ընթացքում նույնիսկ հարցաքննության չի կանչվել: Առնվազն միամտություն է ենթադրել, որ այս բոլոր չարաշահումները, յուրացումները որոնք այսօր ջրի երես են դուրս գալիս՝ իրականացվել են առանց ՊԵԿ բարձրագույն ղեկավարության իմացության, և իհարկե՝ առանց «փայ» մտնելու:
Առաջին անգամ Հարությունյանը «պլստաց» «Նորֆոլկ Քոնսալթինգի» աղմկահարույց գործի շրջանակներում: Չնայած այն հանգամանքին, որ ընկերությունը կապվում էր հենց նրա հետ՝ ՊԵԿ նախկին ղեկավարը գործի քննության ընթացքում արտասահմանում «իր բուժումն էր ստանում», և միայն այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները գտան «իրական մեղավորներին»՝ Հարությունյանը հրաշքով կազդուրվեց և վերադարձավ Հայաստան: Շուտով կարող է պարզվել, որ Հայաստանի նախկին պաշտոնյաների մի զգալի մասը տառապում է բազմաթիվ հիվանդություններով, և թավշյա հեղափոխությունից հետո հայտնվել է արտասահմանում ոչ թե քննությունից թաքնվելու, այլ բուժվելու համար: Վարդան Հարությունյանը ոչ միայն չի հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում, այլ նույնիսկ արտոնությունների է արժանանում: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ նրա որդիներին պատկանող ընկերությունը հերթական բիզնես արտոնությունը ստացավ նոր Հայաստանի կառավարության կողմից:
Նոր Հայաստանի կառավարություն ասվածը միանշանակ անհրաժեշտ է ընդգծել, այն պարզ պատճառով, որ հանրության մոտ լրիվ այլ ակնկալիքներ էին ձևավորվել կապված նախորդ համակարգի կոռուպցիոն բուրգերի դեմ տարվող պայքարի հետ: Այսօր, սակայն, մենք ականատես ենք լինում տրամագծորեն այլ քաղաքականության: Եթե, օրինակ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվում՝ առաջնորդվելով՝ «դու էիր ղեկավար, դու էիր պատասխանատու» սկզբունքով, ապա գուցե պարոնայք կբացատրե՞ն հանրությանը՝ ինչո՞ւ այդ նույն տրամաբանությունը չի գործում նույն Վարդան Հարությունյանի դեպքում: Չէ՞ որ նա էր ղեկավար և նա էր պատասխանատու: Ի վերջո, այս բոլոր չարաշահումները, կոռուպցիոն գործարքները կատարվել են նրա քթի տակ և ՊԵԿ նախկին նախագահին նվազագույնը կարելի է մեղադրել պաշտոնեական անփութության մեջ, ինչը նույնպես քրեորեն պատժելի է և փայլուն առիթ է , որպեսզի իրավապահ մարմինները վերջապես սկսեն զբաղվել ոչ միայն մանր գողերով, այլ նաև թիրախավորեն նախկին համակարգի կոռուպցիոն բուրգի գլխավոր «դերակատարներին»…