Նոր Նորքի թաղապետարանն այս պահին ապամոնտաժում է Սաֆարյան 2 հասցեում  գտնվող 835/2 ավտոտնակի տանիքը: Տարածքը վարձակալած Սյուզաննա Աբգարյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պնդում է, որ թաղապետարանի անձնակազմի կողմից ներկայում տարվող աշխատանքներն ապօրինի են, քանի որ նա որևէ ծանուցում չի ստացել ապամոնտաժման հետ կապված, ինչպես նաև  վարձակալել է տվյալ տարածքն ու դրա համար գումար  է վճարում թաղապետարանին:

Նշենք, որ այս տարվա հունվարից Սյուզաննա Աբգարյանը համարվում է տվյալ ավտոտնակը վարձակալող անձ և շուրջ երկու ամիս առաջ նախկին թաղապետ Արմեն Ուլիխանյանի թուլտվությամբ փոփոխել է տվյալ ավտոտնակի տանիքը: Մինչդեռ երեկվանից սկսած՝ նույն թաղապետարանի մի շարք աշխատակիցներ Նոր Նորքի թաղապետարանի քաղաքաշինության բաժնի պետ  Արտակ Մամուլյանի գլխավորությամբ ապամոնտաժում են տանիքը:

 

Մամուլյանը մեզ հետ զրույցոմ նշեց, որ այդ տարածքում կատարվել է ապօրինի շինարարություն, ինչը հարուցել է որոշ բնակիչների զայրույթը, վերջիններս էլ բողոքել են թաղապետարան՝ պահանջելով ապամոնտաժել տարածքը:

Մեր այն դիտարկմանը, որ 2 ամիս առաջ է վերանորոգվել ավտոտնակը և թաղապետարանն ապօրինի ոչինչ չի տեսել այդտեղ, ինչո՞ւ են նոր արձագանքում և ինչո՞ւ վարձակալող անձին նախօրոք չեն ծանուցել, որ իր կողմից արված վերակառուցումն անօրինական է, ինչպես նաև՝ ինչո՞ւ չեն ներկայացնում թաղապետարանի կողմից այն փաստաթուղթը, որը թույլ է տալիս ապամոնտաժել տարածքը, քաղաքաշինության բաժնի պետը չկարողացավ որևէ հստակ պատասխան տալ և մեզ ներկայացրեց ընդամենը մեկ դիմում. «Մենք չունենք թաղապետարանի կողմից տրամադրվող թուղթը, սակայն մենք ունենք գրավոր դիմում-բողոքներ, որը հիմք է հանդիսանում ապօրինի շինությունն ապամոնտաժել, այստեղ եղել են նաև մետաղե կոնտրուկցիաներ, որոնք բնակիչը տեղափոխել է մի փոքր այն կողմ»:

Կրկին մեր այն դիտարկմանը, որ եթե չլինեին «բնակիչների դիմում-բողոքները», ապա այս «ապօրինի» շինությունն այդպես էլ մնալու էր և քաղաքացին շարունակելո՞ւ է թաղապետարանին վճարել տարածքի գումարը, Մամուլյանը կրկին տվեց լղոզված պատասխան. «Ոչ, մենք ոստիկանություն դիմում ենք ուղարկել, որպեսզի պարզեն, թե ով է իրական մեղավորը և տվյալ մարդու նկատմամբ արդեն վարչական տույժ կիրառվի»:

 

Տարածքը վարձակալած Սյուզաննա Աբգարյանն էլ մեզ հետ զրույցում հավելեց. «Մեր բոլոր գործողությունները համաձայնեցված են եղել թաղապետարանի հետ. ստացել ենք թույլտվություն, թաղապետարանի աշխատակիցը եկել, ուսումնասիրել է տարածքը, ասել է, որ կարող ենք տանիքը վերանորոգել և մենք սկսել ենք վերակառուցման գործողությունները: Մենք ոչ ավել քար են դրել, և ոչ էլ հանել ենք»:

ԼՈւՐԵՐ.com-ը կհետեւի իրադարձությունների զարգացմանը: Մանրամասների մասին կհաղորդենք ավելի ուշ:

Արմինե Միքայելյան